fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Երևանում մեկնարկել է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը

Մարտի 12-ին՝ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում, Երևանում  մեկնարկել է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը, որի նպատակն է քննարկել երկու երկրների գործարար, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական գործակցության հնարավորությունները և հեռանկարները։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի բուլղարական կողմի համանախագահ, Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելյազկովը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Բուլղարիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ալեքսանդր Մանոլևը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

«Հայաստանը կարող է բավականին գրավիչ դառնալ բուլղարացի գործընկերների համար։ Նրանց կարող են հետաքրքրել բիզնես բացելու հեշտ և ԵԱՏՄ շուկա դուրս գալու դյուրին գործընթացները։ Բացի այդ, բուլղարացի դիստրիբյուտորներին և ներկրողներին կարող է հետաքրքիր լինել այն, որ Հայաստանը ԵՄ-ի հետ GSP+ համաձայնագիր ունի և հայկական ապրանքների մեծ մասը կարելի է ԵՄ ներկրել զրոյական կամ իջեցված մաքսատուրքով», – իր խոսքում նշել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրողների հետ հարաբերությունների կառավարիչ Արամ Վարդանյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները,  իսկ Invest Bulgaria գործակալության մարքետինգի վարչության տնօրեն Թեոդորա Ստավրևան՝ Բուլղարիայի ներդրումային միջավայրը։

Համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 150 գործարարներ Հայաստանից և Բուլղարիայից։

Համաժողովի շրջանակում նախատեսվում են երկու երկրների գործարարների երկուստեք ձևաչափով հանդիպումներ (B2B), ինչը Հայաստանի և Բուլղարիայի գործարարներին հնարավորություն կընձեռի միասին քննարկելու համատեղ գործարար ծրագրերը և փոխշահավետ համագործակցության հեռանկարները։