fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ժամը 8:15-ից՝տոտալ գործադուլ ու դասադուլ, շրջափակում ենք փողոցներ, երկաթուղի, օդանավակայան

  • 203

Այսօրվա ռեկորդային հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում խոսեց այն մասին, որ ՀՀկ-ի այս քայլին հաջորդելու է իրենց հակաքայլը.

«ՀՀԿ կուսակցության գործողություններին հաջորդում է մեր հակաքայլը՝ վաղը հայտարարվում է տոտալ գործադուլ ու դասադուլ, վաղը շրջափակվում են բոլոր փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, ամեն ինչ, ինչ հնարավոր է: Ես դիմում եմ որպես ժողովրդի թեկնածու՝ բոլոր պետական ծառայողներին վաղը հայտարարում ենք տոտալ գործադուլ:

Այս պայքարը չի կարող չավարտվել հաղթանակով, չկա այդպիսի տարբերակ, ուղղակի գոյություն չունի: Վաղը կարիք չի լինի փողոցը փակելու համար որեւէ մեկից ներողություն խնդրել, որովհետեւ Հայաստանում արդեն գրեթե չեն մնացել մարդիկ, որոնք կողմ չեն այս հաղթանակին

ՀՀԿ-ն այլեւս բարոյապես գոյություն չունի, եթե անգամ փողոցում մի տեղ տեսնեք հանրապետականի որեւէ պատգամավորի, չնկատելու տվեք, որովհետեւ իրենք այսուհետ գոյություն չունեն:

Հայաստանում ավելի քիչ փողոց կա, քան այստեղ մարդիկ, եթե միայն այս բոլոր մարդիկ էլ լծվեն այդ գործին, ՀՀ-ում այլեւս բաց փողոց չի մնա:

Ես ուզում եմ խոնարհվել ձեր առջեւ: Ես երեկ եմ ասել, որ ինչ պետք է այսօր տեղի ունենար ԱԺ-ում, այդքան էական չէ: Ինչքան երկարում է այս պրոցեսը, այդքան հայտնի է դառնում Հայաստանն աշխարհում ու շուտով կդառնա աշխարհի իդեալը: ՀՀ-ի վարկանիշն աշխարհում երբեք այսքան բարձր չի եղել, ինչքան այսօր:

ԱԺ-ն, կառավարությունը այժմ երկրորդական բաներ են, որովհետեւ այժմ աշխարհի ուշադրությունն այս հրապարակի վրա է, ու աշխարհում շարունակում են զարմանալ՝ ինչպիսի քաղաքակիրթ, ինչպիսի զուսպ ազգի հետ գործ ունեն:

Այսուհետ աշխարհում հայերի անունը ասոցացվելու է հաղթանակի, սիրո, արժանապատվության հետ, մենք հպարտ ենք, որ հայ ենք, որ ՀՀ քաղաքացի ենք:

Վաղը առավոտվա 8:15-ից տոտալ գործադուլ ու տոտալ դասադուլ, շրջափակում ենք հաղորդակցության բոլոր միջոցները՝ երկաթուղին, օդանավակայանն ու փողոցները, ամեն ինչ, ՀՀ քաղաքացիները դուրս են գալիս պահանջով, որ իրենց թեկնածուն դառնա վարչապետ: Երեկոյան ժամը 19:00-ին կրկին ռեկորդային հանրահավաք է տեղի ունենալու: Այսօրվա հանրահավքը ռեկորդայինն է այս բոլոր օրերի մեջ»,-ասաց նա:

 

 

Աղբյուր՝Armtimes.com