fbpx

16:30-ին կբացեն Էջմիածին-Երևանը. բողոքի ակցիան կշարունակեն

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող էջմիածինցիները ժամը   16։30 սահմաններում Երևան-Էջմիածին  ճանապարհը կբացեն, իսկ  դեկտեմբերի 23-ին կշարունակեն բողոքի գործողությունները:

«Վաղը ժամը 11։00-ին շարունակելու ենք մեր պայքարը։ Մենք չենք թողնելու ոչինչ այսպես։ Այն դատավորը, որը վճիռը կայացրել է, պետք է հստակ  պատասխան տա։ Մենք օրենքի շրջանակներում շարունակելու ենք պայքարել  Մանվել Գրիգորյանի կալանավորման, մեր երկրի արդարադատության համակարգի փոփոխության, նորոգման, հետագայում նմանատիպ  նախադեպերը կանխելու համար»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին, ինչպես նաև զրկել նրան գեներալի կոչումից: