fbpx

4 երեխա է զոհվել, մոտ 70 հազարն էլ՝ լքել տունը Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով

Չորս երեխա է զոհվել, եւս ինը վերքեր են ստացել Սիրիայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցող մարտերի հետեւանքով, իսկ այն երեխաների թիվը, որոնք հարկադրված լքել են իրենց տները, մոտենում Է 70 հազարի: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի՝ Ժնեւում տարածված հայտարարության մեջ:

«ՅՈւՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում սպանվել է առնվազն չորս եւ վիրավորվել՝ ինը երեխա»,- նշել է Ֆորը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գնահատումների համաձայն՝ Սիրիայի հյուսիս-արեւելքում մարտերի սկսվելու պահից ի վեր շուրջ 70 հազար երեխա է գաղթական դարձել:

ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի խոսքով՝ հոկտեմբերի 9-ին սկսված մարտական գործողությունների ընթացքում գրոհի են ենթարկվել երեք հիվանդանոց եւ մեկ դպրոց: Նա նշել է, որ մարդասիրական օգնություն կարող է պահանջվել առնվազն 170 հազար երեխայի: Ֆորը հորդորել է հակամարտության բոլոր կողմերին եւ նրանց, ովքեր կարող են նրանց վրա ազդել, պաշտպանել երեխաներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքը: