fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

ԱԳՆ-ն՝ Մամեդյարովի հայտարարության մասին. Պարզաբանում

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տարածել է պարզաբանում Միլանում ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ։

«Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։

Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,-ասված է ԱԳ նախարարության խոսնակի պարզաբանման մեջ։

Ավելի վաղ Միլանում հանդիպման արդյունքների մասին  խոսել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

«Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման»,-ասել էր Մամեդյարովն ու հույս հայտնել, որ հունվարին Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը ակնկալում է քննարկում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։