fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ակցիզային հարկը տարեկան 4- ի փոխարեն 3 տոկոսով կբարձրանա

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ակցիզային հարկի դրույքաչափը նախապես առաջարկվող տարեկան 4 տոկոսի փոխարեն 3 տոկոսով բարձրացնելու առաջարկին: Առաջարկն ընդունվեց հանձնաժողովի հունիսի 17-ի նիստում՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ համատեղ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը։

Ավելի վաղ պատգամավորների կողմից առաջարկ էր հնչել վերանայել վառելիքի համար նախատեսվող ակցիզային հարկը:

«Որպես փոխզիջումային տարբերակ, առաջարկում ենք քննարկել 3 տոկոսը, բայց բոլորի համար: Մեզ համար հասկանալի չէ միայն վառելիքի համար բացառություն նախատեսելը: Սա արվում է նրա համար, որ հնարավոր գնաճի պարագայում տարիների ընթացքում ապրանքի գնի կառուցվածքում ակցիզային հարկի մասնաբաժինը շարունակաբար չնվազի: Իսկ թե ինչու եմ ասում, որ, հավանաբար, պատրաստ կլինենք 4-ը փոխարինել 3-ով, այն պատճառով, որ ընդունում ենք, որ եթե հետահայաց նայում ենք նախորդ տարիների դինամիկային, գնաճը  միգուցե այնքան բարձր չի արձանագրվել, որ պնդենք 4 տոկոսի առաջարկը»,-ասաց Պողոսյանն ու նշեց, որ կառավարությունն ամենայն հավանականությամբ կհամաձայնի 3 տոկոսի առաջարկին:

Առաջարկը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:

Կառավարությունը նախնական տարբերակում առաջարկում էր կիրառել ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափ՝ տարեկան 4 տոկոսով ինդեքսավորելով դրույքաչափերը: