ԱՆ- ը՝ կորոնավիրուսից մահացածների քրոնիկական հիվանդությունների վիճակագրության մասին - VNews

ԱՆ- ը՝ կորոնավիրուսից մահացածների քրոնիկական հիվանդությունների վիճակագրության մասին

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի գերակշիռ մասում անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակ է հանդիսացել բազմաօրգանային անբավարարությունը, սուր շնչառական անբավարարությունը։ Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

«Գրեթե բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն (38% դեպքերում), սրտի ռիթմի խանգարումներ (13%), զարկերակային հիպերտենզիա (60%), շաքարային դիաբետ (38%), մետաբոլիկ համախտանիշ, քրոնիկական պիելոնեֆրիտ, մնացորդային երևույթներ կրած ինֆարկտից և ինսուլտից հետո, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շագանակագեղձի քաղցկեղ, սակավարյունություն և այլն: Հիմնականում պացիենտներն ունեցել են 1-ից ավելի ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Դեպքերի գերակշիռ մասում անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակ է հանդիսացել բազմաօրգանային անբավարարությունը, սուր շնչառական անբավարարությունը, իսկ որպես հիվանդություն կամ ախտաբանական վիճակ, որը հանգեցրել է վերը նշվածին, հիմնականում եղել է երկկողմանի թոքաբորբը»,- հայտնում են նախարարությունից:

Պացիենտներից 5-ի մոտ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ, 5-ի մոտ` ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, 2-ի մոտ` նախասրտերի շողացում, իսկ 5 պացիենտ ունեցել է քրոնիկական երիկամային անբավարարություն (տերմինալ շրջան), որոնք իրենց հերթին հանդիսացել են անմիջականորեն մահվանը հանգեցնող ախտաբանական վիճակի առաջացման պատճառ: Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ եղել է մահվան 1 դեպք (69-ամյա տղամարդ), երբ պացիենտը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություն։

Հայաստանում մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29 205 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 43 դեպք: Արձանագրվել է մահվան ևս 10 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։