fbpx

Ապրիլյանի մասով ծառայողական քննություն կանցկացվի

«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլյան պատերազմի մասին արած հայտարարությունից հետո ծառայողական քննություն է նշանակվելու»,- այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է 7-րդ գումարման Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը:

Փաշինյանը, ավելի վաղ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին իր խորհրդական նշանակելու որոշմանը՝ ասել էր, որ Քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չի գտել հետախուզական տվյալների բացակայության մասին:

«Տարբեր մակարդակներում տեղի կունենան ծառայողական քննություններ՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել 2016 թվականի ապրիլին: Ըստ վարչապետի հայտարարության՝ հետախուզական տվյալների պակասի պատճառով չէ, որ մենք ունեցել ենք զոհեր, այլ այդ տվյալները չկիրառելու պատճառով, և մենք մատների արանքով ենք նայել դրանց», – ասել է Քոչարյանը:

Նա նաև հավելել է, որ եղել են դեպքեր, երբ ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել կիրառության մեջ դնել՝ վառելիքի բացակայության պատճառով:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նույնպես հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմին նախորդած ժամանակահատվածում Զինված ուժերին հայտնի են եղել Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին տեղեկություններ: