Արշալույս գյուղում արշալույսները խաղաղ չեն - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Արշալույս գյուղում արշալույսները խաղաղ չեն

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներն օրեր շարունակ ցույցեր են անում ընդդեմ գյուղապետի, որը  Մանվել Գրիգորյանի եղբորորդին է` Զարզանդ Գրիգորյանը: Ակտիվիստները փակել են գյուղապետարանը, աշակերտներն էլ  դասադուլ են անում:

Գյուղացիները մի քանի օր առաջ ստորագրահավաք են անցկացրել՝ պահանջելով Գրիգորյանի հրաժարականը: Գյուղապետին մեղադրում են մի շարք անօրինականությունների մեջ:

VNews.am-ի թղթակցի հետ Զարզանդ Գրիգորյանը չխոսեց՝ պատճառաբանելով զբաղված լինելը:

Իսկ ահա Արմավիրի մարզպետարանից մարզպետի խորհրդական Նվեր Պետրոսյանը նշեց, որ իրենք հետամուտ են խնդրի խաղաղ կարգավորմանը:

«Քաղաքացիները դիմում-բողոք էին ներկայացրել տարածքային կառավարման նախարարություն: Մեզ պատասխան էր եկել, որպեսզի ճշտենք ստորագրությունների իսկությունը: Շուրրջ 80 քաղաքացուց, պատահականության սկզբունքով, ճշտումներ են արվել և պարզվել է, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Մարզպետը հանդիպել է թե՛ համայնքապետի, թե՛ բողոքող գյուղացիների հետ: Երեկ նույնպես հանդիպում է եղել»,-ասաց մարզպետի խորհրդականը:

Նա նշեց, որ իրենք լիազորություն չունեն ստորագրության հիման վրա որևէ մեկին պաշտոնանկ անելու:

«Առաջաիկայում նույնպես հանդիպումներ կլինեն: Հանդիպումների, քննարկումների արդյունքում պետք է փոձենք խնդիրը լուծել: Մենք չենք կարող այլ բան անել: Համայնքապետը կարող է հեռանալ միայն սեփական դիմումի համաձայն»,-նշեց Պետրոսյանը:

Գրիգորյանի փոխանցմամբ այսօր Արշալույս համայքնում է եղել նաև մարզպետարանից ՏԻՄ վարչության պետը ու ևս երկու աշխատակից: Կողմերի հետ հանդիպում կունենա  նաև մարզպետը:

Նշենք, որ Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերին: