Արցախի Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Արցախի Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը

Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը  Աշոտ Ղուլյանի նախագահությամբ ապրիլի 30-ին գումարել է 11-րդ նստաշրջանի հերթական նիստը:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

«Բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ համավարակի տարածման վտանգի և հետագայում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում համապետական ընտրություններին մասնակցության և նոր իշխանությունների ձևավորման գործում իրենց սահմանադրական իրավունքի պատշաճ իրացման համար: Աշոտ Ղուլյանը ԱՀ նորընտիր նախագահին և 7-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական ուժերին մաղթել է արդյունավետ գործունեություն և հույս հայտնել, որ նրանք ևս ջանք չեն խնայելու ամրապնդել անկախ պետականության հիմքերը և նոր մակարդակի բարձրացնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ խորհրդարանական դիվանագիտությունը:

Խորհրդարանի ղեկավարը նաև ընդգծել է, որ գործող Ազգային ժողովը, առաջնորդվելով երկրի Սահմանադրությամբ և ԱԺ Կանոնակարգ-օրենքով, մինչև լիազորությունների ավարտը՝ մայիսի 21-ը, իրականացնելու է խորհրդարանին վերապահված գործառույթները՝ պահպանելով հարցերի քննարկման ընթացակարգերն ու ժամկետները:

Նիստի օրակարգը հաստատելուց առաջ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն առաջարկել է նիստի օրակարգից հանել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշելով, որ խմբակցությունը նախագծի վերաբերյալ անհամաձայնություններ ունի: Նախագծի հեղինակ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ընդունել է խմբակցության առաջարկը: Արդյունքում՝ օրինագիծը հանվել է նիստի օրակարգից:

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը լսել է ԱՀ նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև ընթացիկ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:

 

Նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է երկրի կենսագործունեությունն ապահովող բոլոր ոլորտների աշխատանքները և ստացված արդյունքները: Նախագահը նաև անդրադարձել է իր ղեկավարման 13 տարիներին իշխանության բոլոր մարմինների հետ համատեղ աշխատանքի ցուցանիշներին. մասնավորապես՝ ՀՆԱ 2007թ՝  70,8մլրդ դրամ,  2019թ.՝ գերազանցել է 242 մլրդ դրամը, 1 շնչին հասնող ՀՆԱ-ն՝ 2007թ.՝ 1490 ԱՄՆ դոլար, 2019թ.՝ 4803 ԱՄՆ դոլար, պետական բյուջեի ծավալը՝ 2017թ.՝ 30,8 մլրդ դրամ, 2020թ.՝ 121 մլրդ դրամ:  Բակո Սահակյանը նաև նշել է, որ այս տարիների ընթացքում իրականացվել և ավարտին են հասցվել մի շարք ռազմավարական ծրագրեր՝ այդ թվում Հյուսիս-Հարավ և Վարդենիս- Մարտակերտ մայրուղիների կառուցումը, Ստեփանակերտը և հանրապետության տասնյակ բնակավայրեր ապահովվել են շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Ամփոփելով խոսքը՝ Բակո Սահակյանը նշել է, որ հեռու է այն մտքից, թե հաջողվել է լուծել բոլոր խնդիրները, որոնք եղել են իշխանության պատասխանատվության շրջանակում և վստահություն հայտնել, որ հանրապետության նոր իշխանությունները, հենվելով այս տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունների վրա, կշարունակեն, որոշ դեպքերում էլ՝ կբազմապատկեն դրանք՝ արդյունավետորեն լուծելով բոլոր խնդիրները՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի դինամիկ բարելավմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացմանը, քաղաքացիների անվտանգության ապահովմանը:

Պատասխանելով ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերաբերյալ արված հայտարարությանը՝ Արցախի Հանրապետության նախագահը նշել է, որ Արցախի իշխանություններն այս տարիների ընթացքում հաստատակամ են եղել իրենց դիրքորոշման մեջ՝ այն է Արցախի անվտանգությունը սակարկման ենթակա չէ և վերադարձ անցյալին՝ թե տարածքների, թե կարգավիճակի առումով՝ չի լինելու:

Ամփոփելով նիստի այդ հատվածի արդյունքները՝ ԱԺ նախագահը խորհրդարանի անունից շնորհակալություն է հայտնել

Բակո Սահակյանին նախորդ տարիների ընթացում համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Ընդմիջումից հետո նիստը կշարունակվի «Օրենսդիր-գործադիր» հարցուպատասխանի ընթացակարգով»,- ասված է հաղորդագրության մեջ: