fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Արցախի խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի. Ալեն Սիմոնյանը՝ Ղազախստանի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի:

Ալեն Սիմոնյանը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը տեղեկացրել է, որ շուտով կձեւավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբը, որն ակտիվ դերակատարություն կունենա փոխադարձ կապերի ընդլայնման գործում: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքին, այս հարցում կարեւորել երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցելը:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Ալեն Սիմոնյանը, անընդունելի համարելով մեր հարեւան պետության կողմից խաղաղության հաստատմանը խոչընդոտող կոչերը եւ ռազմատենչ հռետորաբանությունը, ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել: Դեսպանն իր հերթին կարեւորել է հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Թիմուր Ուրազաեւը խոսել է ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել երկու ինտեգրացիոն ուղղություններում իր երկրի առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ընդլայնմանը վերաբերող հարցերի: