fbpx

Աստանայում Արարատ Միրզոյանն ու Ղազախստանի վարչապետը հանդիպել են

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Աստանայում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտայեվի հետ:

Պարոն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար:Նա կարևորել է Ղազախստանի հետ համագործակցության շարունակական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում: Երկուստեք գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում առկա են աճի միտումներ և տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման մեծ ներուժ:

Զրուցակիցները քննարկել են տնտեսական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշել համագործակցությունը հարստացնելու նոր գործնական ուղղություններ: Քննարկվել են ներդրումային համատեղ ծրագրեր իրականացնելու, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության հետ կապված հարցեր:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև ԼՂՀ կարգավորման խնդրին։ Նա մասնավորապես անընդունելի է համարել հարցի ընդգրկումը զանազան կազմակերպությունների օրակարգում, ինչպիսիք են օրինակ Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը, և ընդգծել է, որ հարցի կագավորման միակ ընդունված հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափն է։

Հանդիպման ընթացքում առանձնակի անդրադարձել են հայ – ղազախական հարաբերություններում ղազախահայ համայնքի դերակատարմանը: