Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից. Վազգեն Սարգսյան - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից. Վազգեն Սարգսյան

վազգեն - Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից. Վազգեն Սարգսյան

Վազգեն Սարգսյանը ռազմական և քաղաքական գործիչ է: Եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը 1991-ից 1992 և 1995-ից 1999 թվականներին: Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին:

1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խումբը, ներխուժելով ԱԺ, սպանեց Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչների` ՀՀ ազգային հերոս և այդ ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանին, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանին և ևս 6 պատգամավորների:

VNews.am-ը առանձնացրել է Վազգեն Սարգսյանի մտքերը:


  • Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա։

  • Յուրաքանչյուր ժողովուրդ, լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել։

  • Չգիտեմ’ համաշխարհայի՞ն ազգ ենք, թե ոչ, բայց պարտավոր ենք համաշխարհային գործոն դառնալ:

  • Բանակաշինությունը ծանր, հավատացնում եմ, հաճելի հոգս է։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում։

  • Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու’ այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար… ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես… Չեն հասկանա: Դրա համար էլ չեմ ասում:

  • Երբ այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ, որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա:

  • Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք’ շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»:

  • Որպես սկիզբ և գաղափարախոսություն, պետք է մեկընդմիշտ մերժենք մեր ժողովրդի գիտակցության մեջ ներարկվող այն կարծիքը, թե Հայաստանն անբարենպաստ երկիր է և դատապարտված է միմիայն ուրիշների օգնություններով գոյություն ունենալու:

  • Ես զբաղվում եմ քաղաքականությամբ, որպեսզի «Երկրապահը» քաղաքականությունից հեռու մնա:

  • Մեզ հրաշալի շանս է տված: Գոնե, ի վերջո, ինքներս կրենք մեր ճակատագիրը, ի վերջո, ինքներս պատրաստ լինենք ամեն տեսակի արհավիրքների: Իսկ եթե մենք ներսից ամուր եղանք, ունենանք ամուր պաշտպանված պետություն, ոչ մի տեսակի դրսի միջամտություն, ոչ մի տեսակի անակնկալ մեզ համար ցավալի չէ:

  • Արցախն աստիճանաբար վերածվում է անառիկ մի ամրոցի, որի պատերին զարկվելով՝ թշնամին կարող է ջարդուփշուր լինել: Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլևս խփել, կուլ տալ հնարավոր չէ:

  • Ես աշխարհում ամենից շատ սիրում եմ ծերերին և երեխաներին, այդ երկուսն են անպաշտպան:

  • Դուք պատկերացնում եք ինչ է նշանակում մահապարտների գունդ ստեղծել և առաջնորդել, այսինքն’ մարդը գիտակցաբար գնում է դեպի մահ` հանուն իր ժողովրդի, հողի, երկրի, և նաև պատասխանատվություն է կրում իր հետ տարած կյանքերի համար:

  • Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:

  • Անթույլատրելի է ունենալ հողատեր , բայց գործազուրկ գյուղացի:

  •  Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի, ձեռք եմ բերել հպարտություն: Հանե՛ք այդ հպարտությունը, հանե՛ք այդ գաղափարը` տակը բան չկա:

  • Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես:

  • Թե քաղաքական հայտարարություններ անողներն այս պատերազմում ի՞նչ ներդրումներ ունեն, ի՞նչ ջանքեր են ներդրել, քանի՞ ընկեր են կորցրել, քանի՞ հարազատ` դա իրենց գործն է, բայց պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին: