fbpx

Բազմաթիվ ուղղություններով դեռ ունենք չօգտագործված ներուժ. Մամուկա Բախտաձե

«Անկախության վերականգնումից հետո համատեղ քայլերի շնորհիվ հաջողվել է հաստատել փոխշահավետ համգործակցություն: Հավատում եմ, որ մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում ավելի կխորանան»,- այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Ըստ Վրաստանի վարչապետի՝ հանդիպման ընթացքում քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները, տրանսպորտին, էներգետիկային, զբոսաշրջությանը, կրթությանը, մշակույթին վերաբերող հարցեր, ընդգծել են ինտենսիվ քաղաքական հարաբերություններին ձգտումը: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում արձանագրել են, որ բազմաթիվ ուղղություններով դեռ ունեն չօգտագործված ներուժ:

Մամուկա Բախտաձեն հայտնեց, որ աշնան վերջին նախատեսված է միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ կքննարկեն տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ծրագրեր:

Վարչապետը նաև ասաց, որ Վրաստանը ողջունում է ՀՀ-ի  և Եվրոպական Միության միջև հարաբերությունների ակտիվացումը:

Վերջում Մամուկա Բախտաձեն ասաց, որ Հայաստանի վարչապետի հետ պայմանավորվել են պահպանել բարձր մակարդակի հանդիպումների դինամիկան: «Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում գործընկերոջս և պատրաստակամություն հայտնում հետագա արդյունավետ համագործակցության համար»,– նշեց նա:

Աղբյուր` Panorama.am