fbpx

Չարենցավանը միացել էր «Հանուն անկախ դատարանի» ակցիային (տեսանյութ)

Վաղ առավոտից Հանրապետության  դատարնների աշխատանքը կաթվածահար է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կոչ էր արել փակել բոլոր դատական շենքերի մուտքերը: Կոչին ողջ թափով միացել էր նաև Կոտայքի մարզը:

 

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Չարենցավանի նստավայրի դիմաց հավաքվել էին մի խումբ ակտիվիստներ:  Նրանց չէր խանգարել անգամ խիստ անբարենպաստ եղանակը:

Ակտիվիստներն հանգիստ կանգնած էին, նրանց հսկում էին նաև ոստիկանության աշխտակիցները:

VNews.am-ի թղթակցի հետ զրույցում Չարենցավանի բնակիչ Գուրգեն Սարգսյանը նշեց, որ վարչապետի հորդորով են հավաքվել, բայց ոչ միայն:

«Եկել ենք, որպեսզի միաբան, ազգովի, բոլոր դատավորներին, ովքեր մարդասեր, օրինապաշտ, հայրենասեր չեն վռնդենք այս երկրից: Բոլոր ձրիակեր, խաբեբա, կաշառակեր դատավորներն իրենց ընտանիքներով պետք է վռնդվեն»,-նշեց քաղաքացին:

Նկատառմանը, թե անձամբ վարաչպետն էր ասում, որ Հայաստանում հաստատված է օրենքի իշխանության, իսկ դատական իշխանությունը հենց օրենքի երաշխավորներից մեկն է, ակտիվիստը հակադարձեց. «Ո՛չ, վարչապետը հնարավորություն էր տվել դատական համակարգին, որպեսզի ընթացքում ուղղվեն: Հնարավորություն և ժամանակ ունեին ապաշխարհելու, բայց իրենք «թքած ունեն» սիրո  և համերաշխության հեղափոխության վրա, ուստի մենք պարտավոր ենք հավաքվել և նրանց կարգի հրավիրել»:

 

VNews.am-ի թղթակցին ակտիվիստները պատմեցին, որ իրենք կարող էին ավելի շատ լինել, բայց  անձրևային եղանակն ինչ-որ առումով ազդել է թվաքանակի վրա: Նրանք պատմեցին նաև, որ դատարանի որևէ աշխատակից փորձ չի արել ներս մտնելու: Մի քանիսը հեռվից մոտեցել են շենքին, շրջվել և գնացել: