Չի կարելի մարդկանց թունավորելու գնով ինչ-որ խնդիր լուծել. Փաշինյան - VNews

Չի կարելի մարդկանց թունավորելու գնով ինչ-որ խնդիր լուծել. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքների դադարեցման շուրջ մտահոգություններին: Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ունեցած եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այդ արտադրությունը կարևոր է, սակայն չի կարելի մարդկանց թունավորելու գնով ինչ-որ հարց լուծել:

«Ոչ մեկին չի՞ անհանգստացնում, որ տասնյակ տարիներով արտանետումների ծավալները մի քանի անգամ գերազանցել են թույլատրելի սահմանը: Իսկ Ալավերդիում քաղցկեղով հիվանդացության վիճակագրությունը որևէ ձևով տարբերվո՞ւմ է, թե՞ չէ, առողջապահական վիճակը տարբերվո՞ւմ է, թե՞ չէ: Մենք ինչ ենք ասում, ասում ենք, եղբայր, այդ արտադրությունը  մեզ համար կարևոր է, բայց չի կարելի մարդկանց թունավորելու գնով ինչ-որ խնդիր լուծել»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հնչեցրած մտահոգությանը:

Նրա խոսքով՝ չի կարելի  տասնյակ հազարավոր մարդկանց թունավորելու գնով 600 մարդու խնդիր լուծել: «Այդ 600 մարդու խնդիրը լուծելը նաև մեր խնդիրն է, բայց եկեք համագործակցենք, որպեսզի այս խնդիրները լուծվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: