fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Չինաստանի բնակչությունը գերազանցել է 1,4 միլիարդը

Չինաստանի բնակչության թվաքանակը, առանց Հոնկոնգ, Մակաո եւ Թայվան հատուկ վարչական շրջանների, 2019 թվականի վերջին ավելացել է 4,67 միլիոնով՝ գերազանցելով 1,4 միլիարդը: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի պետական վիճակագրական բյուրոյի տվյալները: 2018 թվականին Չինաստանի բնակչությունն ավելացել Էր 5,3 մլն մարդով:

2019 թվականին երկրում գրանցվել է 14,65 մլն նորածին, իսկ ծնելիության գործակիցը հազար մարդու հաշվով կազմել է 10,48: Նույն տարվա ընթացքում Չինաստանում մահացել է 9,98 մլն մարդ, իսկ մահացության գործակիցը կազմել Է 7,14՝ հազար մարդու հաշվով: Բնակչության բնական աճը կազմել է 3,34 մլն մարդ: Տղամարդ բնակիչների թվաքանակը կազմել է 715,27 մլն, կին բնակիչներինը՝ 684,78 մլն: Բնակիչների ընդհանուր թիվը հասել Է 1 միլիարդ 400 մլն 50 հազարի:

16-ից մինչեւ 59 տարեկան աշխատունակ բնակչության ընդհանուր թվաքանակը 2018 թվականի 897,29 միլիոնից կրճատվել է մինչեւ 896,4 մլն, ինչը կազմում է ընդհանուր բնակչության 64 տոկոսը: 2018 թվականին այդ ցուցանիշը 64,3 տոկոս Էր:

2018 թվականի վերջին Չինաստանն ուներ 60-ից բարձր տարիքի 253,88 մլն բնակիչ կամ ընդհանուր բնակչության 18,1 տոկոսը: 65-ից բարձր տարիքի մարդկանց թվաքանակն ավելացել է մինչեւ 176,03 միլիոն (2018 թվականին 166,58 միլիոն էր), ինչը կազմում է երկրի ամբողջ բնակչության 12,6 տոկոսը:

Քաղաքային բնակչությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 17,06 միլիոնով եւ կազմել 848,43 մլն մարդ, իսկ գյուղականը կրճատվել է 12,39 միլիոնով եւ կազմել 551,62 մլն մարդ: Քաղաքային բնակչության բաժինը 59,58 տոկոսից ավելացել է մինչեւ 60,6 տոկոս: