Դատախազությունը հրապարակել է Հարություն Մաշադյանի զինգրքույկի լուսանկարները - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Դատախազությունը հրապարակել է Հարություն Մաշադյանի զինգրքույկի լուսանկարները

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հրապարակել է դատախազ Հարություն Մաշադյանի զինվորական ծառայություն անցնելու լուսանկարները: Ավելին՝ նա նշել է, որ Հ. Մաշադյանը 12-ամյա դպրոց չի ավարտել և կրտսեր դասարաններում սովորելիս թռիչքային տեղափոխություն է ունեցել:

Այս մասին Գոռ Աբրահամյանը գրել ու լուսանկարները հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:

««Դատախազության մասին» ՀՀ օրենքով, ընդ որում՝ ինչպես գործողի, այնպես էլ 2018թ. ապրիլին ուժը կորցրած ճանաչվածի պարագայում, անկախ նրանից՝ խոսքը այսպես ասած՝ քաղաքացիական, թե զինվորական ոլորտի դատախազներին է վերաբերում, սահմանվում է, որ դատախազի պաշտոն չի կարող զբաղեցնել այն անձը, որ չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով:

Հրապարակում եմ Հարություն Մաշադյանի՝ զինվորական ծառայություն անցնելու լուսանկարները նաև զինգրքույկից, հատկապես նրանց համար, ովքեր անվստահությամբ էին փորձում մոտենալ ՀՀ դատախազության կողմից երեկ հրապարակված պաշտոնական հաղորդագրության այդ հատվածին:

Որպես հետգրություն էլ ասեմ, որ Հ. Մաշադյանը 12-ամյա դպրոց չի ավարտել և կրտսեր դասարաններում սովորելիս թռիչքային տեղափոխություն է ունեցել»,-գրել է Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դատախազությունից հայտնել էին, որ Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը։

Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական ընդհանուր իրավադրույթին, ապա, ըստ պարզաբանման, այն սահմանվել է 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ հոդվածով, այսինքն՝ մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել. վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ»: