fbpx

Դեկտեմբերի 31-ին մաքսազերծվել են առկա բոլոր մեքենաները. Անանյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահեցնում է՝ ավտոմաքսատան աշխատանքի շուրջօրյա ռեժիմն ավարտվել է դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22։00-22։30-ը, քանի որ հասցրել են մաքսազերծել բոլոր ավտոմեքենաները: Անանյանն այս մասին ասաց հունվարի 13-ին հրավիրված ասուլիսում:

«Դեկտեմբերի 27-ին վարչապետի հանձնարարությամբ աշխատանքը դարձրեցինք շուրջօրյա, և շուրջօրյա ռեժիմը հանեցինք դեկտեմբերի 31-ի ժամը 22։00-22։30-ը, քանի որ որևէ ավտոմեքենա չէր մնացել: Բոլոր ավտոմեքենաները մենք հասցրել ենք մաքսազերծել»,-ասաց Անանյանը:

Նա նշեց՝ նախնական հայտարարագրի գործիքից օգտվողների քանակը շուրջ 4700  է, այսինքն՝ հունվարին մոտ 4700 մեքենա ևս կմաքսազերծվի հին դրույքաչափերով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Գյումրիի ավտոմաքսատուն այցի ընթացքում հանձնարարել էր աշխատել շուրջօրյա՝ մինչև առնվազն դեկտեմբերի 31-ը:

Ավարտվել է ԵԱՏՄ-ի կողմից Հայաստանին տրված արտոնյալ ժամկետը, և 2020 թվականի հունվարի 1-ից գործում են արդեն երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման նոր՝ բարձրացված դրույքաչափեր:  Սակայն 2019թ.հոկտեմբերին դեռ ՊԵԿ-ը հայտնել էր նախնական մաքսային հայտարարագրման հնարավորության մասին՝ նշելով, որ տարեվերջին սպասվում է ավտոմեքենաների ներմուծման ծավալների բազմապատիկ աճ, արդյունքում՝ նավահանգիստներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում աննախադեպ հերթերը կարող են հանգեցնել ամիսներ առաջ ձեռք բերված ավտոմեքենաների որոշ մասի ՀՀ սահմանը փաստացի 2020թ. հունվարի 1-ից հատելուն: Այս պարագայում, ավտոմեքենաների համար մաքսատուրքերը և հարկերը կհաշվարկվեն մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող դրույքաչափերով: