ԵՊՀ-ում 450 աշխատող կկրճատվի. գիտաշխատողները վրդովված են - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

ԵՊՀ-ում 450 աշխատող կկրճատվի. գիտաշխատողները վրդովված են

 

ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետ.բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը:

Գիտահետազոտական ինստիտուտների, գիտական կենտրոնների և լաբորատորիաների կրճատումով միայն ԵՊՀ-ում շուրջ 450 գիտական աշխատող և այլ մասնագետներ ապրիլի 1-ից կզրկվեն աշխատանքից: Վերջիններս արդեն իսկ ստացել են  ծանուցում, որում ասվում է, որ  մարտի 31-ից ազատված են աշխատանքից։  

 

Հարցի վերաբերյալ իր մտահգություն էր արտահայտել Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Նա բաց նամակ էր հղել վարչապետին:

«…Դժվար է մտածել, որ երիտասարդ գիտնականը աշխատանք պետք է փնտրի շուկայում վաճառասեղանների մոտ և ապահովի իր ու իր ընտանիքի կենսագոյությունը: Նվազագույն աշխատավարձից մի փոքր ավել աշխատավարձ ստացող գիտնականին թողնելով առանց աշխատանքի` դրանով վտանգում ենք նրանց սոցիալական վիճակը»,-ասվում է նամակի մեջ:

 

VNews.am-ի թղթակցի հետ զրույցում Վաղարշակյանը նկատեց, որ առայժմ գործնական քայլեր չեն ձեռնարկի, դեռ կսպասեն:

«Առայժմ ընթացքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չկա: Մեկ անձի գործելու հարց չէ: Սա գործընթաց է: Պետք է սպասենք և տեսնենք, թե առաջիկա մեկ-երկու օրն ինչ կլինի, ինչ կանի կառավարությունը կամ, գուցե, փոփոխություններ լինեն: Դրանից հետո, բնականաբար, գործողություններ կիրականացվի»,-ասաց Վաղարշակյանը:

 

Նշենք, որ  ԵՊՀ աշխատակիցներն արդեն իսկ պատրաստվում են այլ բուհերի ներկայացուցիչների հետ միասին, փետրվարի 7-ին բողոքի երթ կազմակերպել ԵՊՀ-ից դեպի կառավարություն: Սակայն, կառավարությունն այս շաբաթ հերթական նիստը կգումարի ոչ թե փետրվարի 7-ին, այլ ՝ 6-ին: Ըստ այդմ, ցույցը հնարավոր է լինի հենց վաղը: