fbpx

Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և դատավարական կարգավիճակ չի ունեցել

Հատուկ քննչական ծառայությունում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Նաիրա Հարությունյանը նույնպես նշեց, որ ՔԿ-ում Կուտոյանը որևէ քրեական գործով ներգրավված չի եղել և չի հարցաքննվել:

Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:

Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը: