Հայաստանում կհիմնվի ավտոբուսների արտադրություն - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայաստանում կհիմնվի ավտոբուսների արտադրություն

aee068755cb7e9b97e51941a9157ccff - Հայաստանում կհիմնվի ավտոբուսների արտադրություն

Հայաստանում կհիմնվի Եվրասիական տնտեսական միության շուկայի սպառման համար նախատեսված ավտոբուսների արտադրություն՝ կորեական «Յանգսան» (Youngsan) ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի համատեղ ծրագրի շրջանակում: Ներդրումային նոր ծրագրի արժեքը գնահատվում է 4.4 մլն դոլար: «Արմենպրես»-ն այս թեմայով խոսել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանի հետ:

«Հիմնվելու է ավտոբուսների հավաքման կենտրոն: Ավտոբուսները նախատեսված են լինելու Եվրասիական տնտեսական միության շուկայի համար: Շատ կոնկրետ թիրախավորում կա: Հայաստանը դառնում է հարմարավետ երկիր միջազգային ձեռնարկությունների համար: Նրանք միակը չեն, ում հետ քննարկումներ են ծավալվում՝ նպատակ ունենալով Հայաստանը օգտագործել որպես արտադրական հաբ՝ ԵԱՏՄ երկրներ արտադրանք վաճառելու համար»,-ասաց Փափազյանը:

Կորեական ընկերության կողմից նախաձեռնությունը եղել է դեռ նախորդ տարվանից:

Հեռավար աշխատանքի միջոցով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել: «Ֆոնդը պետության կողմից համաֆինանսավորելու է այդ գործարանի ստեղծման ինչ-որ մի կտորը և դառնալու է 50 տոկոսից ցածր մասնաբաժնի տեր՝ 40-49 տոկոսի շրջանակում»,-ասաց Փափազյանը:

Ընդհանուր ներդրման ծավալը 4.4 մլն դոլար է, որից մոտ 1 մլնը կֆինանսավորի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, 1-ից մի քիչ ավելին՝ արտերկրի ներդրողը, մնացած մոտ 2.3 միլիոնը վարկ կվերցվի հայկական առևտրային բանկից:

Ավոտոբուսների հավաքման համար հումքը սկզբնական շրջանում բերվելու է արտերկրից: Ձեռնարկությունը նախատեսվում է գործարկել այս տարի: Գործարանի հստակ վայրը դեռ չեն որոշել, քննարկվում է 3 տարբերակ, կհստակեցնեն արտերկրի գործընկերների հետ հենց տեղում: