fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայը․ նոր ֆիլմ VNews-ից

Ունենք այսօր ցուցաբերած կամք օրենքի երկիրը քայլեցնելու․ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ

«Հայերը օտարներ չեն Ուկրաինայի համար, հայերը Ուկրաինայի համար տեղացիներ են»,- հպարտություն պարունակող ժպիտով ու փայլն աչքերում խոսեց տեր Մարկոսը։ 4 տարի առաջ տեղափոխվեց Ուկրաինա՝ Կիև, ծառայելու Աստծուն և այնտեղ ապրող հայերին։

Օրեր շարունակ Կիևի փողոցները չափչփելուց և ինչ-ինչ կարևոր գործեր անելուց հետո, մեր նկարահանող խումբը հայկական եկեղեցի հասավ։ Քաղաքի կենտրոնից մի քիչ հեռու, բայց իր շուրջը կենտրոն ստեղծող մի վայր։



Սրբոց Նահատակաց մատուռ․ նորավարտ կառույցն օծման է սպասում է։ Կոթողը հավերժացնում է Մեծ եղեռնի զոհերի անմար հիշատակը։ Ճերմակապատ է, ընդաձակ բակով, կտուրն՝ աղավնաշատ, իսկ ներսը՝ հունական ոճի նկարազարդումով։ Մեր հասնելուն պես սպիտակ աուրայով, շնչով ու բույրով եղեկեցու դուռը բացում և մեզ դիմավորում է տեր Մարկոսը։ Մի շրջան զբոսանք մատուռի շուրջն ու ծանոթություն։

Պոչն արագ շարժող ու միջավայրին սազական սպիտակ շունն առաջնորդում է մեր նկարահանող խմբի ու հավատավորի զբոսանքը։

Եկեղեցականն անհամբեր հպարտությամբ մատնացույց է  անում հարևանությամբ վեր խոյացող, կառուցվող նոր եկեղեցին։ «Կիևի զարդն է լինելու»,- ասում է։ Ծավալուն շինություն է լինելու․ 42 մետր, մինչև գմբեթ գրեթե 43 մետր բարձրությամբ։ Եվրոպայում կլինի խոշորագույններից մեկը։ «Տա Աստված՝ մենք արժանանանք այդ օրվան․ եկեղեցին կառուցված և ավարտուն տեսնելու բախտին»,- ասում է, ժպտում, և ներս ենք անցնում Սրբոց Նահատակաց մատուռ՝ զրույցը շարունակելու։



Ուկրաինայի հայ համայնքի հոգևոր առաջնորդը պատմում է՝ ձեռք ձեռքի տված անում են հնարավորն ու անհնարինը ժողովրդի կյանքին, նրանց ներկային և ապագային միտված ծրագրեր կյանքի կոչելու համար․ «Փառք Աստծո, ունենք արդյունքներ, ունենք դժվարություններ նաև արտահայտված ժամանակի փոփոխություններով այս երկրում»։

Տեր Մարկոսը նեղսրտեց, որ Դոնեցկի և Լուգանսկի հավատակից եղբայրները կարիքի և դժվարության մեջ են։  Փորձում են նրանց սոցիալական, կրթական, ազգային կյանքին վերաբերող որոշ ծրագրեր իրականացնել, սակայն դժվարությունների են հանդիպում։ «Գոյություն ունի մեծ անջրպետ այս հատվածից այն հատված անցնելու, բեռնափոխադրումներ անելու։ Դոնեցկում հայկական եկեղեցու շինարարությունը դադարեցված է, կառույցն անավարտ մնաց։  Գոյություն ունի որոշակի բարդույթ, որը պետք է հաղթահարվի ոչ միայն մեր կողմից, այլև երկրի, որպեսզի կյանքն այստեղ անցնի իր բնականոն հունի մեջ»,- ասում է։

Հայաստանի հետ կապն անխախտ պահելու հնարավորությունը ձեռքից բաց չեն թողնում։  Տեր Մարկոսը վստահեցնում է, որ Ուկրաինայում բոլոր հայերը Հայաստանի անբաժանելի մասնիկներն են։ Հայաստանից ավելի շատ բարոյական  աջակցություն է պետք ։ «Մեծ հույսեր ունենք, որ մեր անկախ պետության բոլոր ժամանակների ղեկավարներն ու կառավարությունները պետք է անխախտ կերպով իմանան և իրագործեն այս առաջնահերթությունը։ Ունենք այսօր ցուցաբերած կամք օրենքի երկրում ապրելու, ունենք նաև զուգահեռ դժվարություններ՝ այդ օրենքի երկիրը քայլեցնելու․․․»,- ասաց տեր Մարկոսը։

Պատմության շարունակությունն առաջարկում ենք դիտել տեսանյութում․