fbpx

ՀՀ տնտեսական աճի կանխատեսումները կայուն են. ՀԲ

Համաշխարհային բանկի 2020 թվականի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (GEP) հունվարյան զեկույցի համաձայն` Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում: Գլոբալ տնտեսական հեռանկարների զեկույցը հրապարակվել է ՀԲ կայքում:

«Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2020 թվականի զեկույցի համաձայն ՝ թեև տնտեսական աճի տեմպերը Հարավային Կովկասում նվազման միտում ունեն, սակայն Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում` ի տարբերություն հարևան երկրների: Մասնավորապես, 2020-ի համար կանխատեսվում է 5.1%, 2021 և 2022-ին՝ 5.2%»,- ասված է զեկույցում:

Ըստ զեկույցի` Հայաստանում մասնավոր սպառումը, արդյունաբերական հզոր գործունեությունը և օգտակար հանածոների արդյունահանման վերականգնումը նպաստեցին Հարավային Կովկասում տնտեսական աճի արագացմանը` հասցնելով մոտ 3,7 տոկոսի:

Գլոբալ տնտեսական զեկույցի համաձայն` 2019 թվականին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճը վերջին երեք տարվա ամենացածր ցուցանիշն է գրանցել` 2 տոկոս: Պատճառը 2018 թվականին ֆինանսական շուկայում լուրջ ցնցումների ազդեցության պատճառով Թուրքիայում տնտեսական ակտիվության կտրուկ անկումն է, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում նավթի պահանջարկի և արդյունահանման ցածր մակարդակը:

«Արդյունաբերության ոլորտի ակտիվության անկման և ներդրումների հոսքի դանդաղ տեմպի պայմաններում տարածաշրջանում արտահանման աճը ցածր է եղել: Ակնկալվում է, որ 2020 թվականին տարածաշրջանում տնտեսական աճը կհասնի մինչև 2,6 տոկոս ՝ պայմանավորված հիմնական ապրանքատեսակների գների կայունացմամբ, եվրոգոտու տնտեսական աճով, ինչպես նաև Թուրքիայում (մինչև 3%) և Ռուսաստանում (մինչև 1.6 տոկոս) տնտեսական աճի վերականգնմամբ: Ակնկալվում է, որ Ռուսաստանում ազգային նախագծերը, այդ թվում՝ ներդրումները ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալում, խթան կհաղորդեն այդ աճին»,- նշված է զեկույցում: