fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հնաբերդի ղեկավարի ապօրինությունները․ հարուցվել է քրեական գործ

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հնաբերդ համայնքի ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ:

2011 թվականին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի «Հնաբերդ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին հատկացվել է շուրջ 76 300 000 դրամ արժողության 23 անուն գյուղատնտեսական տեխնիկա, ինչի 20 տոկոսը՝ շուրջ 15 260 000 դրամը, պետք է վճարվեր կոոպերատիվի միջոցներից:

Հնաբերդ համայնքնի ղեկավարը, իր եղբոր տնօրինությամբ գործող սպառողական կոոպերատիվին նյութական օժանդակություն ցուցաբերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ, պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին հրահանգել է կազմել համայնքի ավագանու նիստերի կեղծ արձանագրություններ և համայնքի ղեկավարի որոշումների մատյաններում մտցնել ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, թե իբր 2015 թվականի հունիսի 3-ին կայացել է համայնքի ավագանու նիստ, որի ընթացքում որոշվել է համայնքի բյուջեից 8 000 000 դրամ հատկացնել «Հնաբերդ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին՝ մաս-մաս վերադարձնելու կամ ձեռք բերված տեխնիկայով համայնքին մատչելի գներով ծառայություններ մատուցելու պայմանով:

Ավագանու նիստի կեղծ արձանագրության հիման վրա համայնքապետարանի և սպառողական կոոպերատիվի միջև կնքվել է համաֆինանսավորման պայմանագիր և համայնքի 2015 թվականի բյուջեից նույն թվականի հունիսի 29-ին և հուլիսի 30-ին համապատասխանաբար՝ 5 400 000 և 2 600 000 դրամ գումար է փոխանցվել կոոպերատիվի հաշվեհամարին գյուղտեխնիկա ձեռքբերելու նպատակով: Մինչ օրս սպառողական կոոպերատիվի կողմից համայնքին գումար չի վերադարձվել կամ որևէ կերպ չի փոխհատուցվել, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Պաշտոնատար անձի կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու և շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-ր մասի՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, և 314-րդ հոդվածի՝ Պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննությունը շարունակվում է: