Հրապարակվել է հանրային սննդի ոլորտի ընկերությունների հռչակագիրը - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հրապարակվել է հանրային սննդի ոլորտի ընկերությունների հռչակագիրը

resto - Հրապարակվել է հանրային սննդի ոլորտի ընկերությունների հռչակագիրը

Այսօր հրապարակվել է hանրային սննդի ոլորտի ընկերությունների հռչակագիրը:

Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը GastroVino-ին տեղեկացրել է, որ այդ ստորագրել են «Երեմյան Փրոջեքթս»-ը, MBG Hospitality-ն, Asador, Wine Republic, Սալոն, Կլոդ Մոնե, Շառլ ռեստորանները, Սեգաֆրեդո, Քոֆիշոփ, Կարաս, Գենացվալե ցանցերը եւ այլ կազմակերպություններ:

Ներկայացնում ենք հռչակագիրն ամբողջությամբ.

«Հայաստանի հանրային սննդի ոլորտի կազմակերպությունները, հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետեւանքով առաջացած խնդիրները եւ ոլորտի գործունեության արգելումը սույն թվականի մարտի 23-ից, կարեւորելով տասնամյակով ստեղծված Հայաստանի հանրային սննդի ոլորտում բիզնեսների շարունակականության ապահովումը, ստորագրում են ներկա հռչակագիրը, որոշելով՝

Գործունեության հարկադիր կասեցման ընթացքում դադարեցնել վարձավճարը եւ հարակից վճարումները (բացառությամբ սպառած կոմունալ ծառայությունների):

Հանրային սննդի ոլորտի ձեռնարկությունների գործունեության վերականգնման պահից մեկ տարվա համար վարձավճարի սաhմանման ընդունելի շեմ համարել մինչ այդ գործող վճարի 50%-ը՝ թողնելով դրա վերջնական քննարկումը եւ իրավական ձեւակերպումը պայմանագրի մասնակից կողմերին։

Համարում ենք, որ վարձակալության պայմանագրեր կարելի է կնքել այն վարձատուների հետ, ովքեր այս ժամանակաշրջանում ըմբռնումով են մոտեցել իրավիճակին եւ արդեն իսկ գնացել են փոխզիջումների։

Հանրային սննդի ոլորտի ձեռնարկությունները միմյանց տեղեկացնում են իրենց վարձակալական պայմանագրերի խզման վերաբերյալ, եթե դրանք պայմանավորված են ճգնաժամի եւ հետճգնաժամային իրավիճակում վարձատուի կողմից գործող պայմանագրի վերանայման մերժմամբ։

Հանրային սննդի ոլորտի գործունեության վերականգնումից հետո 18 ամիս ժամանակահատվածում սույն հռչակագիրը ստորագրողները պարտավորվում են չքննարկել իրենց գործընկերների կողմից զբաղեցրած կամ արդեն իսկ ազատված տարածքների վարձակալության վերաբերյալ վարձատուի որեւէ առաջարկ, չբանակցել այդ ուղղությամբ, չկնքել համապատասխան պայմանագրեր եւ չզբաղեցնել միմյանց կողմից ազատվող վարձակալվող տարածքները։

Սույն հռչակագրի ստորագրումը փոխադարձաբար պաշտպանելու է ոլորտի ձեռնարկությունների շահերը, սահմանելու է գործարար պարկեշտության նոր չափանիշներ, եւ նպաստելու է հետճգնաժամային համեմատաբար արագ վերականգնմանը։

Դիմում ենք հանրային սննդի ոլորտի գործընկեր, անշարժ գույքի վարձատու կազմակերպություններին՝ ներկա դժվարին պայմաններում գնալ փոխզիջման իրենց վարձակալների հետ, կարեւորելով տարիների փոխշահավետ համագործակցությունը։ Կոչ ենք անում միանալ այս նախաձեռնությանը՝ ընդգծելու հանրային սննդի ոլորտի ձեռնարկությունների համերաշխությունը մեր ընդհանուր խնդիրները լուծելու նպատակով»։