fbpx

Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում. Միրզոյան

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ում թեկնածությունը դեկտեմբերի 19-ին «Իմ քայլը» դաշինքի նիստի ժամանակ որոշում է կայացվել առաջադրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, հայտարարել է, որ իր ցանկությունն է լինել օրենսդիրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա ասաց «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի նիստի ավարտից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում: Մենք խոսել ենք, եղել է քննարկում: Այո, կա գիտակցում, որ ծանր աշխատանք է սպասվում, բայց առաջին փոխվարչապետի աշխատանքն էլ թեթևներից չէր»,- ասաց Միրզոյանը:

Նա հայտարարեց, որ համաձայն չէ այն դիտարկումների հետ, թե խորհրդարանում չկա ընդդիմություն, կամ որ դե յուրե գործող ընդդիմությունը կաշկանդված է լինելու քննադատել կառավարությանը: Արարատ Միրզոյանը չհամաձայնվեց նաև այն մտքի հետ, թե ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից: «Եթե այդ մտքի տակ նկատի է առնվում այն, որ դաշինքում բոլոր հարցերն ուղղահայաց կերպով չեն հրահանգվելու, այլ լինելու են մեծ ներքին քննարկումներ, ապա վստահաբար այո, լինելու են քննարկումներ և որոշումներ կայացվելու են դրանց արդյունքում»,- հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը:

Նա հորդորեց հանդես չգալ պնդումներով, թե Ազգային ժողով անցած մի խումբ պատգամավորներ երիտասարդ են ու չունեն փորձ: «Խնդրում եմ երիտասարդ և փորձի բացակայություն հասկացություններն իրար հետ չկապել, որովհետև բազմիցս ասել ենք, որ տեսել ենք փորձառու սրիկաների, ընտրակեղածարարների, օլիգարխների և այլն: Խնդրում եմ նաև պնդում չանել, որ պատգամավորները, ովքեր «Իմ քայլը» դաշինքով անցել են խորհրդարան, կապ չունեն քաղաքականության հետ կամ նորեկ են, քանի որ նրանց մեծ մասը մասնակցել են տարբեր ընդդիմադիր, քաղաքացիական ու քաղաքական շարժումների, պայքարել են Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության համար: Եվ ի վերջո բոլոր այդ ջանքերը պսակվել են հաջողությամբ: Չի կարելի պնդել, թե այդ մարդիկ կապ չունեն քաղաքականության հետ»,- ասաց Արարատ Միրզոյանը:

«Իմ քայլը» դաշինքը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը, խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուն է Լիլիթ Մակունցը, քարտուղարինը՝ Հակոբ Սիմիդյանը: