Ինչպես լեզու գտնել տատիկ-պապիկների հետ, որ տնից դուրս չգան․ #lifehacks - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ինչպես լեզու գտնել տատիկ-պապիկների հետ, որ տնից դուրս չգան․ #lifehacks

Տարեցները COVID-19-ի ամենախոցելի խումբն են։ Կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացությունն ավելի հաճախ է 60-ից բարձր, հատկապես 70, 80 տարեկան անձանց շրջանում, քան երիտասարդների։ Հենց այդ պատճառով է կարևոր, որ տատիկներն ու պապիկները պահպանեն ինքնամեկուսացման ցուցումները։ Իսկ համոզել նրանց պահպանել այդ կանոնները, այդքան էլ դյուրին գործ չէ, քանի որ նրանք նախընտրում են գարնանային արևը, հասակակիցների հետ նարդին, զրույցները, հարևան Գոհարի թխած կարկանդակն ու սուրճը, քան սեփական տան 4 պատերը։ VNews.am-ն առաջարկում է այս օրերին տատիկների ու պապիկների հետ լեզու գտնելու տարբերակներ, որ նրանք տնից դուրս չգան․

Պատասխանատվությունը վերցրեք ձեզ վրա և զինվեք համբերությամբ

Մի քանի օր առաջ ծանոթներից մեկը պատմում էր իր 86-ամյա հոր հետ կարանտինի կանոնները պահպանելու թեմայով երկխոսության մասին, որ զգուշավոր լինելը պարտադիր է, որ ինքը ռիսկային խմբում է և հիվանդանալու դեպքում վտանգավոր է և այլն։ Զրույցի վերջում նա հարցրել է․ «Պապ, ինչ ես պատրաստվում հիմա անել» ։«Դե, գնամ մի քիչ քայլեմ, մի անգամից խանութ կմտնեմ ու կգամ»։

Ցավոք, համոզել պապիկին տնից դուրս չգալ, ավելի հաճախ զուր ժամանակի վատնում է։ Նրանք իներցիայով են հակադրվում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջ եկած փորձություններին, որոնք նրանց «գլխին է ընկել» երկար տարիների կյանքից հետո։ Ու քանի որ մեր ավագ սերունդը նախկինում այս մասշտաբի պանդեմիա հաղթահարելու փորձառություն չի ապրել, այդ պատճառով նրանք համեմատության համար ոչինչ չունեն։

Բայց հիմա բացատրություններ փնտրելու ժամանակ չկա։ Կա փաստ․ տարեցները պետք է տանը մնան։

Այս հարցում հաջողելու գլխավոր ու, թերևս, միակ կարևորը պայմանն առանց կոնֆլիկտի շփումն է ծնողների/տատիկների/պապիկների հետ։ Այդպես մենք ավելի շատ բանի կհասնենք։ Համբերությունն, իհարկե, պետք կգա։ Անհրաժեշտ է նրանց հետ ավելի հաճախ երկխոսել, հատկապես եթե ապրում ենք առանձին, և շփման միջոցը հետախոսն է։ Պետք է մոռանալ և մի կողմ թողնել տարաձայնությունները։  Կյանքի և մահվան պայքարի օրեր են, մեծերի հետ կիսատ կոնֆլիկտները թողեք ապագային, իսկ որ ավելի լավ՝ մոռացեք։

Երկխոսությունը թույլ է տալիս չկորցնել իրավիճակի վերահսկողությունը։ Տարիքով հարազատին սիրալիր և ընկերաբար մոտեցումով պետք է բացատրել, որ հիմա ՈՉ ՔՈ ՏՆԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼԻՍ։ Ինչո՞ւ։ ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՕՐԵՆՔՈՎ։

Հիշեցրեք հիգիենայի կանոնների մասին, պատմեք վիրուսի նախանշանների մասին, մի մոռացեք, որ ձեր հարազատը կարող է ունենալ այլ հիվանդություն

Տարիքով հարազատների հետ խոսեք հիգիենայի կանոնների մասին, որոնք պահպանելը պանդեմիայի ժամանակ կարևոր է։ Ձեռքերը օճառով հաճախակի լվանալն առնվազն 30վրկ, իսկապես կարող է նրանց կյանքը փրկել։ Կարող եք ձեռքեր լվանալը հիշեցնելու ցուցում տպել և փակցնել նրանց տեսանելի վայրում, որպեսզի չմոռանան և հաճախ հիշեն այդ մասին։

Պատմենք նրանց հիվանդության նախանշանների մասին և հիշեցրեք, որ առաջին իսկ կասկածի դեպքում պետք է զանգել բժշկի կամ՝ ձեզ։ Զգուշավորությունն ավելորդ չի լինի, պետք է չծուլանալ ու օրական գոնե մեկ անգամ ջերմաչափում անել։

Ոչ չք չգիտի, թե պանդեմիայի օրերին իրենց ինչպես կդրսևորեն ավազակները։ Հորդորեք ձեր հարազարներին, որ անծանոթների առաջ դուռը չբացեն, հատկապես հիմա դա վտանգավոր է։

Խնդրեք նրանց գնել ոչ թե այն դեղերը, որոնք գովազդվում են, այլ որոնք բժշկի դեղատոմսով են։ Պետք չէ մոռանալ, որ կորոնավիրուսից զատ, ձեր հարազատը կարող է տառապել այլ հիվանդությունից, անհրաժեշտ է հետևել ու հոգ տանել այդ մասին ևս։

Ինքներդ կազմակերպեք նրանց ժամանցը

Իհարկե, եթե ձեր տարեց հարազատը կարողանում է օգտվել ինտերնետից, դա բավականին մեղմում է խնդիրը։

Առաջարկեք ֆիլմերի ու սերիալների ցանկ

Ցանկալի է, որ դրանք լինեն հետաքրքիր սյուժեով ու զարգացումներով ֆիլմեր, նախընտրելի է՝ հարազատ լեզվով կամ թարգմանությամբ, որպեսզի նրանց համար դյուրըմբռնելի լինի։ Պապիկին «նստեցնել սերիալի վրա» հեշտ գործ չէ, բայց հնարավոր է։ Եթե չհետաքրքրի, պետք չէ մի անգամից հանձնվել, ֆիլմերի այլ տարբերակներ առաջարկեք։ Սկսեք միասին ֆիլմեր նայել (եթե միասին եք ապրում), հետևեք նրա ռեակցիաներին։

Skype-ային երեկոներ կազմակերպեք

Մի քանի օր առաջ հաջողվեց տատիկիս սովորեցնել Մոսկվայում ապրող քույրիկիս ծնունդը շնորհավորել Skype-ով։ Կարողացանք ընդհանուր զանգ անել ու բոլորով տեսնել իրար, երկար ու հաճելի զրուցել, կատակել։

Մեր ավագ սերնդին պետք է օգնենք հաղթահարել նորօրյա տեխնիկական խոչընդոտները և նրանց կյանքն ավելի հարմարավետ դարձնել։ Մեզ համար գուցե վայրկյանի հարց է հեռախոսի տեսախցիկը միացնելը, բայց մեր տատիկ/պապիկ-ի համար դա անհաղթահարելի թվացող բարդություն է։ Կարանտինային օրերը մեր ավագներին նոր հմտություններ ուսանելու հնարավորություն է տալիս։

Չմոռանանք, որ գոյություն ունի խաչբառ, սեղանի խաղեր

Թղթախաղ, դոմինո, շախմատ, շաշկի․․․ Սա այն շարքն է, որից մեծերը, կարելի է ասել, երբեք չեն հրաժարվում։ Եթե տանը չկա, կարելի է գնել ու ժամանցը ապահովել։

Առաջարկեք հետաքրքիր զբաղմունք, ցանկացած, կարևորը՝ նոր

Նկարչություն, հաստափոր գրքերի ընթերցանություն, տոհմածառի արմատների ուսումնասիրություն և սև ու սպիտակ հիշողությունների աշխարհ մտովի ճամփորդություն։ Հիշենք՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ․  նրանք ինքնություն այս ամենը չեն անի, նրանց համար սա պետք է կազմակերպել։

Զանգեր հին ու բարի ընկերներին, նույնիսկ նրանց ում հետ երկար տարիների չեն շփվել

Մենք հիմա պատմական բացառիկ շրջան ենք ապրում։ Հիմա աշխարհի բոլոր մարդիկ, բացառապես բոլորը մի խնդիր ունեն։ Այդ պատճառով զրույցի ընդհանուր թեմա կա յուրաքանչյուրի հետ, նույնիսկ այն ծանոթների, որոնց մասին վաղուց մոռացել եք։ Պատկերացնում եք, այն ինչ հիմա կատարվում է աշխարհում, մենք պատմելու ենք մեր թոռներին։ Առաջարկեք ձեր տարեցներին փորփրել հիշողությունն ու զանգել մոռացված ընկերներին։

Օգնեք գնումներ անելու հարցում․ հավելյալ զբաղմունք

Հայաստանում հիմա պարետը ժամ է սահմանել տարեցների գնումների համար։ Առավոտյան ժամը 10:00-12:00: Սա միակ ժամն է, որ տարեցներին պայմանական կարելի է ազատ արձակել, բայց պայմանով։ Նրանց պետք է տնից դուրս գան բժշկական դիմակով ու ձեռնոցներով։

Գիտակցված հետևեք լրատվությանը

Ծնողները, տատիկներն ու պապիկները, իհարկե, հետևում են նորություններին։ Բայց մենք նույնպես պետք է տեղեկացված լինենք իրադարձությունների զարգացմանը, որպեսզի կարողանաք ճիշտ կազմակերպել ու վերահսկել մեր ու մեր հարազատների անվտանգ կյանքը։

Հ․Գ․ Տարեցներին հիմա ավելի դժվար է, քան մեզ։ Վիրուսը հատկապես նրանց է սպառնում։ Ծերերը հասկանում են այդ վտանգը և միայն ձևացնում են մեր առաջ, թե իրենց միևնույն է։