Ջերմուկի ավագանին բնակչության կողքին է. մերժեցին նախարարության առաջարկը - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ջերմուկի ավագանին բնակչության կողքին է. մերժեցին նախարարության առաջարկը

Ջերմուկի ավագանին այսօր արտահերթ նիստ էր գումարել, որպեսզի ուժը կորցրած ճանաչի 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշումը, որով արգելվում է Ջերմուկում մետաղական հանքեր շահագործել: Նման որոշման նախագծի առիթ էր դարձել Ամուլսարի շահագործման դեմ ամիսներ շարունակ տարվող պայքարը և բնակիչների անցկացրած ստորագրահավաքը:

Նիստին ներկա բոլոր 6 անդամները դեմ քվեարկեցին «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» վերաբերյալ ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծին:

Առաջարկը ներկայացրել է նախարարությունն  այն հիմնավորմամբ, որ որոշումը թերի է, դրան կցված չէ հանրագիրը:

«Ինչպես տեսանք, ավագանին  միաձայն դեմ քվեարկեց: Ավագանին մնաց իր այն համոզմունքին, որ ինքը կիսում է համայնքի բնակիչների դիրքորոշումը՝ Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և այդ տարածքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու մասին»,-VNews.amի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստ Վազգեն Գալստյանը:

Նկատեց, նաև որ «ինքնակառավարում» տերմինը արդեն խոսում է այն մասին, որ ներքին որոշումներն իրավասու են կառավարել հենց ներքին օղակները:

Դիտարկմանը, թե որն է լինելու հաջորդ քայլը Գալստյանը պատասխանեց. «Մենք սպասում ենք նախարարության արձագանքին: Նրանց պատասխանից է կախված հետագա անելիքները»:

Նշենք, որ ավելի վաղ  հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն էր տարածել, որ ճնշումներ են սկսվել Ջերմուկ համայնքի ավագանու նկատմամբ` համայնքի բնակիչների 3000 ստորագրությունների վրա հիմնված հանրագրին հավանություն տալու՝ Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք հայտարարելու կապակցությամբ:

Ի դեպ, գրեթե կես տարի ձգվող պայքարն  Ամուլսարի հանքում այժմ էլ բնակիչները շարունակում են:

Ավագանու նիստի տեսանյութը ստորև.