Կարող եմ ինքս իմ խոսակցությունների ձայնագրությունները հրապարակել. Փաշինյան - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կարող եմ ինքս իմ խոսակցությունների ձայնագրությունները հրապարակել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության որոշման մասին իմացել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից:  ՀՀ վարչապետն այս մասին հայտնեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին` արդյոք Յուրի Խաչատուրովին կալանավորելու հետ կապված ԱԱԾ տնօրենը կամ ՀՔԾ պետը իր հետ խոսել են:

«Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, և, եթե քննության օբյեկտիվ ընթացքը որևէ պարագայում հանգեցնում է որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտության` հանուն քննության շահերի, ուրեմն նա պետք է այդ գործողությունն անի` անկախ նրանից, թե ում մասին է խոսքը:  Տվյալ դեպքում, ես իմացել եմ ԱԱԾ տնօրենից, որ ՀՔԾ-ն նման որոշում է կայացնում: Քանի որ հարց է եղել, ասել եմ, որ ինչպես պայմանավորվել ենք՝ քաղաքական որևէ խոչընդոտ չկա, իսկ եթե քննչական մարմինը գտնում է, որ որևէ մեկին պետք է կալանավորել, ձերբակալել, դա պետք է տեղի ունենա»,- մանրամասնել է վարչապետը:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև հարցրեց, թե ինչ քայլերի կդիմի վարչապետը, եթե պարզվի, որ իրեն ևս գաղտնալսել են.

«Ես կարող եմ իմ ունեցած խոսակցությունները հրապարակել ինքս, ցանկացած պահի: Ես որևէ խնդիր չունեմ: Թող հրապարակվի, չի կարող լինել ձայնագրություն իմ այս նշած սկզբունքից և տրամաբանությունից դուրս: Ես ձեր փոխարեն հարցն ավելի հետաքրքիր կձևակերպեի: Օրինակ` ես կհարցնեի` այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ Յուրի Խաչատուրովը չհայտնվեց կալանքի տակ: Բայց քանի որ ինձ 18 վայրկյան ժամանակ է մնացել, ես չեմ կարող և՛ հարցը ձևակերպել, և՛ դրան պատասխանել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: