fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ երկխոսություն կա

Ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ:

 «Արմենպրես»ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Որքանով որ տեղյակ եմ, ռուսական և հայկական կողմերի միջև կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ, ի դեպ, ոչ միայն Հայաստանի, այլ նաև նախկին Խորհրդային Միության այն երկրների հետ, որոնք մոտ են մեր սահմաններին։ Չեմ թաքցնի, այդ հարցը մեզ անհանգստացնում է, և մենք հիմա երկխոսություններ ենք վարում», – նշեց դեսպանը։

Դեսպանի խոսքով` իր ունեցած տվյալների համաձայն, հայկական կողմի հետ երկխոսությունը կառուցողական հունով է ընթանում։

«Այսինքն՝ հարցերի շուրջ ունենք փոխըմբռնում, և ես չեմ բացառում, որ ինչ-որ մի փուլում մենք հասնենք ընդհանուր համաձայնության։ Թե ինչ ձևաչափով այդ համաձայնությունը կամրագրվի, ես պատրաստ չեմ հիմա դա ձեզ ասել, բայց արգելքի, թելադրանքի մասին խոսք լինել չի կարող։ Ես նորից եմ կրկնում՝ դեռ հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում, թե երբ կլինի համաձայնագիրը և ինչ ձևաչափով, ես այս փուլում այդ մասին ոչինչ ասել չեմ կարող։ Կա երկխոսություն և ձգտում՝ հասնելու փոխըմբռնման, այդ թվում՝ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքների թափանցիկության, այդ լաբորատորիաներում օտարերկրյա զինվորականների ծառայել-չծառայելու հարցերի շուրջ», – ասաց Կոպիրկինը:

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:

«Հայաստանի հետ ավարտին ենք հասցնում այն փաստաթղթի նախապատրաստումը, որը կերաշխավորի այնտեղ օտարերկրյա զինծառայողների բացակայությունը և այն, որ այնտեղ կատարվող ամեն բան որևէ ռիսկերի ու սպառնալիքների տեսանկյունից թափանցիկ կլինի»,-ասել էր Լավրովը: