ՔԿՀ-ում գտնվող Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել ԱԺ ընտրությունների քվեարկությանը - VNews

ՔԿՀ-ում գտնվող Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել ԱԺ ընտրությունների քվեարկությանը

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց  ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների քվեարկությանը չի մասնակցել»,- ասաց Նավիկյանը։

ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ: Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: