Կոչ եմ անում կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել. Արշակյան - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Կոչ եմ անում կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել. Արշակյան

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կոչ է անում կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել:

«Թվեր քննարկվել են և թվեր առաջադրվել են, թե ինչ ձևաչափով դրանք կհրապարակվեն կամ ոչ, այս պահին կդժվարանամ պատասխանել: Այս տեսլականներն ամբողջությամբ պարփակված են ծրագրում ու կխնդրեի ոչ միայն թվեր, այլև թեզեր ման գալ և տեսնել՝ ինչպիսի տեսլական ունի ծրագիրը Հայաստանի զարգացման հետ կապված»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ծրագիրը հեղափոխական է, որտեղ բարձր տեխնոլոգիաները, ռազմարդյունաբերությունը դրված են որպես գերակա ճյուղ։

«Երբ ասում ես ռազմաարդյունաբերություն, մարդիկ ընկալում են, որ տանկ է արտադրվելու: Հիմա աշխարհում լիովին փոխվել են մարտի վարման կանոնները, օգտագործվում են նոր, արդիական տեխնոլոգիաներ, ռադիոէլեկտրոնային, ինֆորմացիոն զենքեր, անօդաչու թռչող սարքեր, կապի միջոցներ, կապի խափանման միջոցներ, որով տեղորոշման կայաններին ուղղակի հարված է հասցվում, հարվածային տեխնիկայի արդիականացման, դրանց ճշգրտման միջոցներ»,-նկատեց նա:

Անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխությանը՝ նախարարը նշեց, որ իր ղեկավարած կառույցը, նախնական տվյալներով, կոչվելու է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Բայց չբացառեց, որ քննարկումների ավարտին այն կարող է փոխվել: