fbpx

Կուտոյանի դիակը հայտնաբերել է նրա կինը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը: Ներկայում դեպքի վայրում աշխատում են դատաբժիշկները: Հունվարի 17-ին այս մասին ասաց ՔԿ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

Լրագրողների հարցին՝ կա՞ն արդյոք վարկածներ, թե ինչ հանգամանքներում է Կուտոյանը ստացել հրազենային վիրավորում, Մելիքյանը պատասխանեց, որ ներկայումս քննչական գործողություններ են իրականացնում`մահվան հանգամանքները պարզելու համար:

«Դեպքի վայրի զննություն է կատարվում, որպեսզի կարողանամ պատասխանել ձեր հարցերին: Երբ բնակարան ենք եկել, դեպքի վայրում են եղել կինը և հայրը: Նախնական՝ այն, ինչ օպերատիվ ծառայողները ներկայացրին՝ կինն է դիակը հայտնաբերել: Դեպքի վայրի զննությանը մասնակցում են դատաբժիշկներ, որոնց զննությամբ կպարզենք քանի հրազենային վնասվածք է ստացել»,- ասաց Մելիքյանը:

Նա նշեց, որ գործին ներգրավված են գենետիկները, դատաբժիշկները և քրեագետները, վերծանվում են տեղանքը նկարահանող տեսախցիկների ժապավենները:

«Կվերջացնենք, ձեզ մանրամասները կհայտնենք»,- եզրափակեց Մելիքյանը:

Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՔԿ նախագահի տեղակալ, ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:

Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը: