fbpx

Լևոնաթաղը, Լևանդովսկին ու Բաղանիսի հաց թխող կանայք

Հաց թխելու ավանդույթը մեր ժողովրդի մեջ հատուկ կարևորություն ունի։ Այն ոչ թե թխում են հատով, այլ մի շաբաթվա համար և մի քանի հոգով։ Հարս , սկեսուր, հարևաններ հավաքվում են փռի մոտ, և արարողությունն սկսում` «փուռը վառելով»։ Ամեն մեկն իր տնից ցախ է բերում, որով թեժացնում են փուռը, որպեսզի կարողանան սկսկել բուն արարողությունը։

Հունցած խմորը գնդում են, հետո բացում  և թին մեկնելով` դնում փռի մեջ։ Առաջին հացը սովորաբար փորձում են փռի մոտ հավաքված ջահել հարսները կամ հյուրերը, հետո անցնում են հաջորդին։

VNews․am-ի նկարահանող խումբն այդ հետաքրքիր ավադույթի  ականատեսը և մասնկակիցը դարձավ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում։

Մի խումբ կանայք ժողովված, աշխարհի հարցրեը քննարկելով՝ թխում էին ու թխում, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու՞ են այդքան շատ հաց թխում, պատասխանեցին․

«Մենք ամեն շաբաթ հավաքվում ենք հարևաններով, սովորաբար մեր փռի մոտ, ամբողջ շաբաթվա համար ենք հաց թխում»։

«Մեր հացը քաղաքի հացի պես չի, տասն օր էլ կդիմանա»-վրա բերեց մեկ ուրիշը  և այդպես հումոր անելով՝ շարունակեցին համով զրույցն ու հաց թխելու իրենց գործը։

Երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ են զբաղվում հաց թխելուց բացի, ասացին, որ գյուղը միջպետական ճանապարհի վրա է, լավ է, չեն բողոքում և, կես կատակ, կես լուրջ, ավելացրին, որ տարբեր տեսակի «Ֆուրեր» են տեսնում գնացող-եկող։

«Հա, մեր բոլորիս ամուսինների անունը Լևոն ա, էս թաղը կարանք ասենք Լևոնթաղ»,– ասաց փուռը ցախ ավելացնող կանանցից մեկը, իսկ մյուսը չվրիպեց ու ավելացրեց․

«Լևոնաթաղ կամ Լևանդովսկի․․․ »,- ծիծաղելով իրենց խմորին խառնեցին նաև ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկու անունն ու թխեցին արդեն հասած խմորը։

Տեսանյութը՝ ստորև․