Բանակցությունները վերակենդանանու՞մ են - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Բանակցությունները վերակենդանանու՞մ են

Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ԼՂ բանակցությունների գործընթացի վերաբերյալ խոսակցություններն ակտիվացան:

VNews.am-ի հետ զրույցում քաղաքագետ Էդգար Վարդանյանը նկատեց, որ  ղեկավարների և ԱԳ մակարդակով հանդիպումները խոսում են այն մասին, որ կողմերը փորձում են հասկանալ, թե ինչ հնարավոր ուղիներ կան, որպեսզի բանակցային գործընթացն արդյունավետ կերպով ընթանա:

«Բնականաբար, յուրաքանչյուր կողմ փորձում է իր շահն առաջ տանել: Այն հանգամանքը, որ կան այդպիսի շփումներ, կա հայտարարություն, որ ղեկավարների մակարդակով կա կապ, խոսում է այն մասին, որ պաշտոնական հանդիպումները չեն բացառվում հետագայում կամ մոտ ժամանակաշրջանում»,-ասաց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքով խաղաղության բանաձևը գտնված չէ: Նրա դիտարկմամբ Հայաստանն ամեն կերպ ցույց է տալիս, որ կառուցողական մոտեցում ունի. պատրաստ է խոսել, բանակցել, և նպատակը խախաղությունն է:

«Հայաստանը ցույց է տալիս, որ պատրաստ է ամեն հնարավորն անել, որ այդ խաղաղությունը լինի: Միևնույն  ժամանակ, Հայաստանն ասում է թե ինչ է նշանակում «ամեն հնարավորը»: Այսինքն, այդ «ամեն հնարավորը» պետք է ընդունելի լինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար:

Ադրբեջանի հրապարակային դիրքորոշումն այն է, որ իրենք պատրաստ են բանակցությունների միջոցով լուծել այդ հարցը: Այն փաստը, որ կան շփումներ, թույլ են տալիս Հայաստանին հայտարարել, որ հնարվոր է  մեր կողմից ընդունելի ձևաչափով շարունակել բանակցությունները»,-նշեց նա:

Քաղաքագետը մատնանշում է, որ Հայաստանի դիրքորոշումն է, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշվելու իրավունքը:

«Ադրբեջանը, եթե սա չի ընդունում, բնականաբար, որևէ համաձայնություն խնդրի լուծման վերաբերյալ հնարավոր չէ ձեռք բերել:

Հայաստանի խաղասեր դիրքորոշումը հիմք է տալիս միջազգային հանրությանը, որպեսզի նրանք էլ ավելի կոշտ դիրքորոշում ունենան Ադրբեջանի նկատմամաբ և թույլ  չտան պատերազմի հրահրումը նրա կողմից»,-նշում է նա:

Էդգար Վարդանյանը նկատում է, որ եթե Ադրբեջանը համաձայնվի մեր կողմից առաջակվող պայմանին, ապա բանակցությունները կակտիվանան:

«Բանակցությունները կարող են ընթանալ, ինտենսիվ լինել,  հրադադարը պահպանվի, բայց  Ադրբեջանը դարձյալ կարող է խոչընդոտներ առաջացնել»,-ամփոփեց քաղաքագետը՝ նկատելով, որ արդյունքը ոչ ոք դեռ չի կարող կանխատեսել: