fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Մարինա Խաչատրյանն ու Գոռ Վարդանյանը հաշտվել են

«Երկիր Ծիրանի» կուսակցության արդեն նախկին անդամ և «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Մարինա Խաչատրյանը հայտնի ծեծկռտուքի միջադեպից հետո հաշտվել է սպորտսմեն, դերասան, Տարոն Մարգարյանի նախկին խորհրդական Գոռ Վարդանյանի հետ: Tert.am-ի  հետ զրույցում Մարինա Խաչատրյանը նշել է,  որ ինքն ընդունել է Գոռ Վարդանյանի հրավերը՝ մասնակցելու Դուքենդո ֆեդերացիայի Հայաստանի առաջնությանը, որի ժամանակ էլ նրան Գոռ Վարդանյանը վկայական է հանձնել` որպես ֆեդերացիայի պատվավոր անդամի։

«Իհարկե կար նաև համապատասխան մոտեցում պարոն Վարդանյանի կողմից, նա էր ցանկացել, որ ամեն ինչ հարթվի, և հրավիրել էր ֆեդերացիայի միջոցառմանը: Ես չէի կարող առանց հրավերի գնալ և սիրով ընդունել եմ այդ հրավերը: Ես գտնում եմ, որ մենք մեր ժողովրդին չպետք է պառակտենք, և ես առաջին քայլն արեցի, որպեսզի օրինակ ծառայեմ մեր հայրենակիցների համար, ինձ համար բացարձակ անընդունելի է այն իրավիճակը, որ առկա է մեր հանրապետությունում, երբ մեկը մյուսի հետևից բամբասում են, ցեխ շպրտում, վիրավորում ու անպատվում: Ես ցանկանում եմ, որ մեր երկրում հարգվի բազմակարծությունը, և որպեսզի դրանք միայն խոսքեր չլինեն, իմ այդ համոզմունքը գործով ապացուցեցի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել «ՀՀԿ» և «ԵԾ» խմբակցությունների ավագանու անդամների միջև։ «Երկիր Ծիրանին» Երևանի քաղաքապետարանում ավագանու 3 մանդատ ուներ: Իսկ ծեծկռտուքն առաջացավ, երբ Մարինա Խաչատրյանը կոյուղաջրով լի տարան փորձեց մոտեցնել Տարոն Մարգարյանին, սակայն դա կանխեցին ՀՀԿ-ական ավագանու անդամները, դրան խառնվեց Գոռ Վարդանյանը։

Միջադեպից հետո Մարինա Խաչատրյանը պնդում էր, որ Գոռ Վարդանյանը իրեն հարվածել է։

Մարինա Խաչատրյանը նշեց, որ հրապարակումներում իր ասածը մի փոքր աղճատվել է, և գրել են, թե Գոռ Վարդանյանը փրկել է այդ օրը իր կյանքը, մինչդեռ ինքն ասել է, որ պաշտպանել է իր կյանքը:

«Ես հավատում եմ իմ ասածին և ես գտնում եմ, որ այդ օրը ինքն ընդամենը ցանկացել էր հեռացնել ինձ դահլիճից, որպեսզի ինձ վնաս չհասցնեն, այնուհետև տեղյակ եմ, որ նա գնացել և սաստել է մնացածին և ասել, որ չի կարելի այդպես վարվել, և դրանից հետո բոլորը հանդարտվել են: Հետո դուք գիտեք, որ ես կարողացա մուտք գործել նիստերի դահլիճ:

Հետո արդեն Խաչատրյանը ենթադրում է, որ սլաքներն ուղղվեցին դեպի Գոռ Վարդանյանը, որովհետև ցանկանում էին Տարոն Մարգարյանին և մյուսներին զերծ պահել մեղադրանքներից: