Մեր միտքը, սիրտը, հոգին այնտեղ են՝ Ծիծեռնակաբերդում․ ապրիլի 24- ն է․․․ - VNews

Մեր միտքը, սիրտը, հոգին այնտեղ են՝ Ծիծեռնակաբերդում․ ապրիլի 24- ն է․․․

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հայ ժողովուրդն այս տարի յուրօրինակ է հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այսօր՝ ապրիլի 24-ին, առավոտյան 8-ից սկսած յուրաքանչյուրը կարող է իր և հարազատների անուններով հաղորդագրություններ ուղարկել 1915 կարճ համարին՝ ապահովելով յուրաքանչյուրիս խորհրդանշական մասնակցությունը Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման միասնական արարողությանը: Արտերկրից պետք է ուղարկել 0037433191500 համարին:

Ուղարկված անունները երեկոյան լուսային էֆեկտով կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատերին։ Յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել 5 անուն-ազգանուն: 1915 կարճ համարից կարող են հաղորդագրություն ուղարկել Հայաստանում և Արցախում գտնվողները: Մեկ հաղորդագրության արժեքը մեկ դրամ է:

Անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով՝ ոստիկանությունը մինչև ապրիլի 25-ի երեկո փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը: Այսօր կառավարությունը բոլորի անունից 105000 ծաղիկ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Ծիծեռնակարբերդի հուշահամալիրում։

Ծիծեռնակաբերդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր  կլինի (մոտ 60 ելույթ, շուրջ 160 մասնակից), որի ընթացքում խստորեն կպահպանվեն անվտանգության կանոնները։ Մասնակիցները միաժամանակ չեն լինելու Ծիծեռնակաբերդում, այլ փոխարինելու են իրար (առավելագույնը 5 անձ՝ բացօթյա միջավայրում)։ Ելույթ են ունենալու սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր երգչախմբերով ու նվագախմբերով, լարային քառյակներ, ճանաչված օպերային երգիչներ և այլք։ Ամբողջ ծրագիրը լինելու է բազմաժանր՝ սկսած ժողովրդական երաժշտությունից մինչև միջնադարյան երաժշտության ջազային մշակում։

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները սկսվեցին երեկ։ Ապրիլի 23- ին՝ ժամը 21։00–ին, սկսեցին ղողանջել բոլոր եկեղեցիների զանգերը, որոնց ներքո մարեցին Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։  Մարդիկ մարեցին իրենց  բնակարանների լույսերը, և մոմերի, բջջային հեռախոսների լույսերով պատուհաններից խորհրդանշեցին միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ում տեսանյութ  հրապարակեց։

«Լուսավառ ոգեկոչման րոպեն Ծիծեռնակաբերդում»,– գրեց նա։

Տերմին, որից խորշում է Թուրքիան

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն եւ ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործեց երիտթուրքական կառավարությունը՝ Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այդ իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Ինչպես սկսվեց

Առաջին համաշխարհային պատերազմում երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչեւ Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերեւս, Հայոց ցեղասպանությունը ծրագրաված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:

Թվեր, որոնք դառը ճակատագրեր են

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: մոտ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` բռնի մահմեդականացվեցին կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով՝ սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը մոտ 60000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը մասսայական տեղահանությունների եւ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

Նրանք ընդունեցին, որ չկրկնվի

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը՝ 1965 թվականին։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն 34 երկիր` 2019թ. նոյեմբերի դրությամբ։ Ըստ միջազգային իրավունքի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների և կազմակերպությունների ցանկը՝ հետևյալ հղումեվ․ https://www.mfa.am/hy/recognition/։