fbpx

Մերժվել է 32 ընտրախախտման վերաբերյալ քրգործ հարուցելը

ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 18-ի ժամը 10:00-ի դրությամբ, ստացվել է 87 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ստացված հաղորդումներից 18-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 12-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 9-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Լոռու, 1-ական՝ Վայոց Ձորի և Տավուշի մարզերում և 24-ը՝ ԶՔԳՎ-ում:

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 75-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 5-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ կեղծ դրոշմանշաններ հանձնելուն կամ իրացնելունուն:

Թվով 32 նյութերով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի և հանցադեպի բացակայության հիմքով:

Ներկա պահին ընտրությունների օրվա ընթացքում ստացված հաղորդումներից 54-ի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ.( Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մաս):

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրվան նախորդող ժամանակահատվածում ենթադրյալ իրավախախտման վերաբերյալ Քննչական կոմիտեում ստացվել էր 6 հաղորդում, որոնցից երկուսով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Մասնավորապես՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակչուհին Լոռու մարզային քննչական բաժնում բացատրություն է տվել, որ դեկտեմբերի 3-ին իրենց տան բակ են գնացել երիտասարդ աղջիկ ու տղա և իրեն առաջարկել են ընտրակաշառք՝ սննդամթերքի տեսքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով, և նախաքննություն իրականացնելու համար գործն ուղարկվել է ՀՔԾ:

Քրեական գործերից մյուսն էլ հարուցվել էր Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում՝ գույքին վնաս պատճառելու կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ. ( Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մաս):

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: