fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

ՆԱՏՕ-ն պրագմատիկ է, իսկ Ռուսաստանն ըմբռնում է ՀՀ-ի քայլերը. Վիգեն Հակոբյան

ՆԱՏՕ-ի շաբաթը՝ մարտի 11-18-ը, ավելի շատ պրոտոկոլային միջոցառումների շարք է, և Հայաստանին հաջողվում է այնպես անել, որ մեր դաշնակցի՝ Ռուսաստանի մոտ տպավորություն չլինի, թե գործողություններ ենք անում, որոնք ուղղված են իր դեմ: Vnews– ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Առաջին տարին չէ, որ նման միջոցառում է անցկացվում: Հայաստանին հաջողվում է համատեղել ՀԱՊԿ-ի անդամ լինելը ՆԱՏՕ-ի հետ: ՆԱՏՕ-ն պրագմատիկ է, իսկ Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում մեր երկրի դիրքորոշմանը: Նախկին և ներկա իշխանություններին հաջողվել է այս հարցում առաջնորդվել Հայաստանի շահով, այլ ոչ թե շարժվել թրենդներով: Առաջին անգամ դա ցավով են ընդունում դաշնակիցները, բայց հետո ճիշտ են ընկալում»,- ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ միջազգային հարաբերություններում շատ կարևոր է կանխատեսելի լինելը, հատկապես՝ ռազմավարական գործընկերների հետ շփումներում: Նա դրանով է բացատրում նաև ամիսներ առաջ եղած որոշակի վերապահումը. ամենուր փորձում էին հասկանալ, թե արդյոք կանխատեսելի՞ է Հայաստանի նոր իշխանությունը:

Հայաստանը Սիրիայում. ինպրովիզացիաներ չեն կարող լինել

ՆԱՏՕ-ն, անշուշտ, հասկանում է, որ մեր առաքելությունը Սիրիայում սոսկ այնտեղի հայերով չէ պայմանավորված, բայցևայնպես, հայաստանյան տարբերակն ի գիտություն է ընդունում, քանի որ դա այս պահին նրան էլ է ձեռնտու, կարծում է վերլուծաբանը:

«Դիվանագիտական մոտեցում է: Ավելին, համոզված եմ, որ մինչև առաքելությունն իրականացնելը ՆԱՏՕ-ում տեղյակ էին այդ մասին, նրանց համար անակնկալ չի եղել, համաձայնեցված քայլեր են, քանի որ այս դաշտում ինպրովիզացիաներ չեն կարող լինել»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

Նա վստահ է, որ ՆԱՏՕ-ի պրագմատիզմն իրեն թույլ է տալիս նաև հստակ հասկանալ, թե ինչո՞ւ ենք հենց ռուսների հետ գտնվում Սիրիայում:

Կարևորը՝ Հայաստանը պահի ՆԱՏՕ-ՀԱՊԿ բալանսը

ՆԱՏՕ-ի՝ հայաստանյան այս շաբաթն ինչ-որ բան չի ավելացնի կամ պակասեցնի ռազմաքաղաքական իրողությունների ֆոնին, ՀԱՊԿ-ն ընտելացել է դրան, համոզված է Հակոբյանը:

«Հաղթահարված է նոնսենսային փուլը: Այժմ շատ կարևոր է, որ Հայաստանը պահի ՆԱՏՕ-ՀԱՊԿ բալանսը: Որոշ կոշտ հայտարարություններ հնչում են բավական բարձր մակարդակներում, սակայն դրանք ավելի շուտ կանխարգելիչ բնույթ ունեն»,- վստահեցրեց նա:

Ըստ Վիգեն Հակոբյանի՝ Հայաստանը հաշվի առնում է նման հայտարարություններն ու ինքնուրույն կողմնորոշվում՝ չվնասելով իր և դաշնակիցների շահերը: