fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Նոր Գեղիի առեղծվածը. պարզաբանում է մարզպետը

  • 2108

Կոտայքի մարզի Նոր Գեղիի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին անում: Նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը հրաժարական է տվել օգոստոսի 31-ին, իսկ նշանակված ԺՊ-ն, այդքան էլ «տեղացիների սրտով չէ»: Նա ՔՊ անդամ է:

Vnews.am-ը զրուցեց մարզպետ Ռոմանոս Պետրոյանի հետ, ում խոսքով նոր նշանակումն ու  ամբողջ ընթացակարգն արվել է օրենքի տառին համապատասխան:

«Մեծ գյուղ է, բնականաբար, տարբեր շրջանակների շահեր բախվում են. նախկին գյուղապետի  հետ բարեկամական կապեր ունեցող, գյուղապետի թեկնածուի համար հայտ ներկայացնող…  Մարդկանց մոտ որոշակի վրդովմունք է առաջացել: Ես իմ լիազորությունների շրջանակում այն իրավունքով, որը սահմանադրորեն  ինձ է վերապահված, գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար եմ նշանակել այն անձին, ով քաղաքական առումով ամենաշատ վստահությունն է վայելում այդ գյուղում: Շատերը փորձում են լինել նրա տեղում, մյուսները վրդովվում են, որ չեն ճանաչում նոր պաշտոնակատարին, բայց, բնավ, պարտադիր չէ, որ բոլորը ճանաչեն:

Ամենակարևոր հարցը նաև այն է, որ բողոքում են, թե ինչու է իրենց գյուղապետի ընտրությունը նշանակվել փետրվարին,  ոչ թե հոկտեմբերին: Սա էլ դարձյալ  կառավարության որոշմամբ է կարգավորվում:

Այն համայնքները, որոնց ղեկավարները հրաժարական են տվել մինչև օգոստոս ամիսը,  ատրահերթ ընտրություն կունենան  հոկտեմբերին: Դրանից հետո առանց ղեկավարի մնացած համայնքներում ընտրությունը կլինի փետրվարին»,-պատմեց Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետի խոսքով, քանի որ Նոր Գեղիի գյուղապետի հրաժարականը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի ուշ երեկոյան, իսկ դրան հաջորդած օրերը եղել են ոչ աշխատանքային, ուստի այն մարզպետարանում պաշտոնապես մուտք է արվել սեպտեմբերի 3-ին: Ըստ այդմ, ընտրությունը կկայանա փետրվարին:

«Ես այդ ամենն այսօր ներկայացրի հանրությանը: Նրանք փորձում էին ճանապարհ փակել, կաթվածահար անել գյուղապետարանի աշխատանքը:

Ես անձամբ իմ տեղակալի, աշխատակազմի ներկայացուցիչների հետ եղել եմ տեղում: Ամբողջը մանրամասնորեն, օրենսդրորեն ներակայացրել եմ հանրությանը, որ որևէ միտում չկա արտահերթ ընտրությունը հոկտեմբերի փոխարեն փետրվարին անելու մեջ:

Ցանկացած ոք, ով ցանկանում է, կարող է առաջադրվել և մասնակցել: Իսկ անձի հետ կապված պահանջը լեգիտիմ չէ:  Քաղաքական առումով նա վայելում է իմ վստահությունը: Ամեն դեպքում գնացի գյուղացիների պահանջին ընդառաջ՝ առաջարկեցի, եթե ուզում են որևէ մեկին (հանրային լսումներով) ինձ խորհուրդ տալ  որպես ԺՊ, ապա ես ականջալուր եմ մեր հանրությանը:

Առաջարկեցի  ստորագրահավաք անել: Եթե իրենց իսկ բնորոշմամբ, ճնշող մեծամասնությունը կողմ է կոնկրետ թեկնածուի, ով ժամանակավորապես կղեկավարի գյուղը մինչև արտահերթ ընտրությունը, ես դա քննարկման առարկա կդարձնեմ:

Մյուս պահանջն է ընտրությունը շուտ անել։ Դարձյալ նույն սկզբունքով՝ առաջարկեցի ստրոգրահավաք անել:  Իմ միջոցով դիմում են կառավարությանը, ես էլ նամակը փոխանցում եմ տարածքային կառավարման նախարարին: Փորձում ենք կառավարությանը դիմել առաջիկա նիստերում քննարկելու համար»,-նշեց մարզպետը։

Ռոմանոս Պետրոսյանը հավելեց նաև, որ ինքը կոչ է արել ճանապարհը բացել, չդիմել ապօրինի գործողությունների:

«Ճանապարհը փակելը, իրենց սահմանադրական իրավունքն է՝ խաղաղ անհնազանդությունների տեսքով: Բայց եթե իշխանությունը հասանելի է, կառուցողական առաջարկներ են անում  խնդիրները լուծելու և տուպիկային իրավիճակից խուսափելու համար, ապա այդ պարագայում, եթե դարձյալ դիմում են նման քայլի, դա կարող է  դիտարկվել որպես սադրանք կամ ուղղորդված քայլ՝ սպասարկելու որևէ քաղաքական ուժի շահերին»,-նկատեց նա:

Vnwes.am-ի տեղեկությունով Նոր Գեղիի բնակիչները ԺՊ-ի դերում տեսնում են տեղաբնակ Աշոտ Գրիգորյանին: Ռոնմանոս Պետրոսյանը նշեց, որ նրան ճանաչում է․ նախկինում «Հնչակյան» կուսակցության անդամ է եղել, այժմ անկուսակցական է, սակայն համակրում է ՔՊ-ի  վարած քաղաքական կուրսին: Իսկ ներկայիս ԺՊ-ն վայելում է իր համկարանքը մի քանի պատճառով:

«Քաղաքական առումով ունի անցած որոշակի ճանապարհ, իսկ այդ նշանակումն իմ համար կարևոր է քաղաքական տեսանկայունից, որպեսզի վերջնական  Կոտայքի մարզում կոտրենք կոնկրետ որևէ ուժի շահերը անընդունելի ձևով  պաշտպանելու կարծրատիպերը, պետք է լինի այլակարծություն: Իսկ դրա ամենակարևոր  ուղղորդիչն արդար ընտրություններն են՝ առանց լցոնումի, կոռուպցիայի, վարչական ռեսուրս կիրառելու»-ամփոփեց մարզպետը: