fbpx

Օսիպյանը հրահանգել է անցնել ուժեղացված ծառայության

Այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը բոլոր ստորաբաժանումներին հրամայել է անցնել ուժեղացված ծառայության: Հրահանգներ են տրվել ըստ ծառայությունների. շուկաների, առևտրի կենտրոնների, տոնավաճառների շրջակայքում կատարել շրջիկ ծառայություն, օպերատիվ գործունեություն իրականացնող ծառայողներին հանձնարարականներ են տրվել շուրջօրյա ծառայությամբ կանխել, նախականխել ու բացահայտել հանցագործությունները, նաև ուշադրության կենտրոնում պահել համաներմամբ ազատ արձակված անձանց, նրանց հետ տանել բացատրական աշխատանք:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Օսիպյանը նշել է, որ տոնական օրերին պետք է բացառվի լռության կանոնների խախտումները: Հրավառություններն իրականացնել մինչև ժամը 23-ը, օրենքը բացառություն է սահմանում միայն Ամանորի գիշերը: Հետևել հրավտանգ իրերի առևտրին, թույլ չտալ վաճառքը անչափահասներին: Լռության կանոնների խախտումները բացառելու ուղղությամբ հանդիպումներ ունենալ ռեստորանային համալիրների ու զվարճանքի վայրերի տնօրինությունների հետ, կատարել բացատրական աշխատանք:

Ճանապարհային ոստիկանությանը հրահանգվեց ուժեղացնել ծառայությունը մայրաքաղաքում և մարզերում: Այս օրերին հիմնականում Երևանում ծանրաբեռնվում է երթևեկությունը, այդ պատճառով բոլոր բանուկ խաչմերուկներում անհրաժեշտ է իրականացնել ուժեղացված ծառայություն:

Տոնական օրերին ոստիկանության զորքերը կլինեն պետական սահմանին: