Պարգևներ վթարված մեքենայի ուղևորներին օգնության հասած դպրոցականներին - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Պարգևներ վթարված մեքենայի ուղևորներին օգնության հասած դպրոցականներին

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պարգևատրել է խիզախություն ցուցաբերած դպրոցականներին՝ Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանին, Էդմոն Քոչարյանին և Վանաձորի թիվ 6 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մարկոսյանին: Նրանք մարտի 3-ին ականատես էին եղել խոշոր ավտովթարի, երբ  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում: Դպրոցականները, մինչ փրկարարների ժամանելը, անցորդների օգնությամբ ուղղել էին մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն: Նրանք դպրոցի փրկարարական ջոկատի անդամներ են:

Մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն, մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարտի 7-ին հյուրընկալել է տղաներին, թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլիթ Սարուխանյանին, զինղեկ Արկադի Մարտիրոսյանին և անձամբ շնորհակալություն հայտնել անձնվեր քայլի համար:

«Անչափ ուրախ եմ, որ մեր մարզում ու մեր քաղաքում նման քաջ տղաներ են մեծանում: Վստահ եմ՝ ձեր արարքն օրինակելի կլինի շատերի համար»,- նշել է մարզպետը:

Նա տղաներին հորդորել է լավ սովորել, հասնել մեծ բարձունքների, լինել Հայաստանի հպարտ քաղաքացի ու գիտելիքները ծառայեցնել հանուն երկրի զարգացման:

Անդրեյ Ղուկասյանը տղաներին պարգևատրել է շնորհակալագրերով և նվերներով: