Փաշինյանի վերջին այցերը. ի՞նչ ակնկալել - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Փաշինյանի վերջին այցերը. ի՞նչ ակնկալել

Վերջին օրերին մամուլը, քաղաքագետները և քաղաքական գործիչները, պարզապես հասարակությունը քննարկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հանդիպումները Դավոսում և Մոսկվայում, դրանց արտաքին քաղաքական հետևանքներն ու ազդեցությունը Հայաստանի համար, ինչպես նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ նախագահության ստանձնումը։

Վերը նշված հարցերի մասին զրուցեցինք քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ով Փաշինյանի մասկացությունը Դավոսի միջազգային տնտեսական ֆորումին գնահատեց դրական:

«Դրական այն առումով, որ նախ ամենահարմար հարթակներից մեկն է հանդիպումներ անցկանելու համար: Ինչպես տեսանք, նա բավականին ակտիվ հանդիպումներ էր ունենում աշխարհի խոշորագույն կորպորացիաների ներկայացուցիչների հետ: Իսկ արդյունքները գոնե պետք է տեսնենք մոտակա 2-3 ամսվա ընթացքում: Եթե չերևան, կստացվի որ հետհեղափոխական Հայաստանի համար որևէ բան չի փոխվել: 

Ինչ վերաբերում է քաղաքական հանդիպումներին, ապա դրանք էլ էին կարևոր: Օրինակ, նախորդ իշխանության ժամանակ, Սերժ Սարգսյանն իր կառավարման վերջին երեք տարիներին, այցեր չէր էլ կատարում: Հիմնական այցերը Մոսկավ էին կամ Բրյուսել»,-նշեց նա:

Քաղաքագետն առանձնացրեց նաև Ալիև-Փաշինյան հանդիպումը:

«Զարմանալիորեն, այս հանդիպումը չի մեկնաբանվում Հայաստանի իշխանության կողմից: Իշխող կուսակցության ներկայացուցիչներն էլ ավելի սրեցին այդ հանդիպման շուրջ բանսարկությունները: Սկսեցին տարատեսակ և անտրամաբանական բացատրություններ տալ: Ավելի տարօրինակ էր այն հայտարարությունը, թե իբրև Փաշինյանը խորհուրդ է տվել Ալիևին, թե ինչպես խուսափել հեղափոխությունից»,-նկատեց քաղաքագետը՝ նշելով, որ ավելորդ մեկնաբանություններից խուսափելու փոխարեն, պարզապես կարելի էր ասել, թե ինչի մասին են խոսել:

Քաղաքագետի խոսքով, մենք պետք է զերծ մնանք այն պատրանքից, որ Ադրբեջանը պատրաստ է հակամարտությունը լուծել խաղաղ մեթոդներով:

«Ադրբեջանը ցույց է տվել, որ առաջնորդվում է կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքով»,-նշեց նա:

Անդրադառնալով ԵԱՏՄ հանդիպումների շրջանակում Մոսկվա կատարած այցին՝ ասաց. «Խնդիրն այն է, որ լինելով ՀԱՊԿ կազմի մեջ և ԵԱՏՄ անդամ, մենք բացահայտ  նշում ենք, որ մեր ապագան արևելյան ուղղություն է: 

Նկատենք, որ օրինակ ԱՄՆ-ի համար միևնույն է  մեր երկրում հեղափոխություն եղել է, թե ոչ: Ի՞նչ շահ ունենք նրանք այն հանգամանքից, որ Հայաստանում իշխանության  է եկել Նիկոլ Փաշինյանը. ոչ մի: Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կազմում: Իսկ այդ երկուսը Արևմուտքում համարվում են Պուտինյան տնտեսական և ռազմաքաղաքական բլոկներ»,-ամփոփեց նա՝ նշելով, որ այս հանգամանքը հույս չի ներշնչում Արևմուտքից ներդրումներ ակնկալելու համար: