fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Պետությունը չի շտապում ընդունել Մանվել Գրիգորյանի ու Արմեն Ավետիսյանի կողմից նվիրաբերվող գույքը

ՀՀ կառավարությունը դեռ հստակ որոշում չունի ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ու Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը նվիրաբերվող գույքի վերաբերյալ: Այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետգույքի կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Չի բացառվում, որ տվյալ գույքն ապօրինաբար է ձեռք բերվել և ճիշտ չէ ապօրինաբար ձեռք բերվածն ընդունել: Դա կախված է նաև իրավապահ մարմնի դիրքորոշումից: Մյուս կողմից էլ կառավարությունը կարող է քաղաքական որոշում կայացնել` հաշվի նստելով կամ չնստելով իրավապահ համակարգի հետ: Հիմա մենք սպասում ենք վերջնական գնահատականին, բայց զուգահեռաբար մշակում ենք բոլոր տարբերակները: Սակայն շատ ավելի արդյունավետ կլինի ընդունել նվիրաբերվող գույքը հիմա, քան սպասել քրեական վարույթների ավարտին, որոնք կարող են մեկ տարուց ավելի տևել»,- ասաց Բաբայանը:

Կոմիտեի նախագահի խոսքով՝ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը  պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գրանցվելուց հետո կդրվի աճուրդի և կհանձնվի միջազգային հայտնի որևէ բրենդի: Նարեկ Բաբայանը նշեց, որ հնարավոր է պետությանը գույք նվիրաբերել ցանկացողներ այս պահին էլի լինեն:

«Չի բացառվում, որ այլ դիմումներ էլ կան, բայց ոչ պետգույքի կառավարման կոմիտեում»,- ասաց Բաբայանը: