fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Պոչամբարից աղտոտված ջրեր են հոսել Ողջի գետ

Հետք-ը գրում է․

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առավոտից արտակարգ իրավիճակ ունեն Սյունիքի մարզում, քանի որ պոչամբարից աղտոտված ջրեր են հոսել Ողջի գետ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության անդամներին տեղեկացրեց՝ մարզպետը իրեն առավոտյան հայտնել է, որ Ողջի գետի ջրի գույնը փոխվել է, դարչնագույն է դարձել։ «Բնապահապանության տեսչական մարմնի մարզային ներկայացուցչությունը, մարզի և դատախազության ներկայացուցիչները, ուժային տարբեր կառույցների տարբեր ներկայացուցիչներ գնացել են դեպքի վայրը՝ հասկանալու տիրող իրավիճակը»,- ասաց նախարարը։

Վարչապետի ճշտող հարցին, թե որ ընկերության պոչամբարն է, Պապիկյանը հստակ ասել չկարողացավ, նշեց՝ տարածքը ցույց է տալիս, որ արտահոսքը կարող է լինել Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանինը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ջրից արդեն փորձանմուշներ են վերցվել։ «Եթե նշված այդ տարածքը ավելի վերևի գոտում է գտնվում, այսինքն՝ մինչև կենտրոնական մասը, ապա դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հնարավոր արտահոսքերն են։ Ըստ նախնական տվյալների՝ այդ վերևի մասից է, ոչ թե կեսից։ Կեսից հնարավոր է նաև Կապանի նախկին Կավարտի հանքից որոշակի արտահոսքեր լինեն»,- ասաց նախարարը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ տեղեկացրեց, որ արտահոսքը եղել է վնասված խողովակից։

Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնել է, որ ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Ըստ նախարարության՝ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը:

Տեսանյութը՝ Հասմիկ Թովմասյանի ֆեյսբուքյան էջից: