Սասնա Ծռերը համաներումից չօտգվեցին. մանրամասնում է փաստաբանը - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Սասնա Ծռերը համաներումից չօտգվեցին. մանրամասնում է փաստաբանը

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը փետրվարի 6-ին դատարանում հայտարարեց՝ առարկում է, որպեսզի «Սասնա ծռերի» գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառվի: Նա նշեց, որ եթե ընկերներ կորցրած չլիներ գուցե և այս հարցում այլ դիրքորոշում ունենար:

2018-ին «Համաներման մասին» օրենք ընդունվեց, որտեղ սահմանված է առանձին դրույթ «Սասնա ծռեր» զինյալ խմբի գործի համար: Օրենքում վերապահում է արված, եթե պատանդառված և ֆիզիկական վնաս կրած անձինք առարկում են համաներում կիրառելու դեմ, ապա համաներումը ամբաստանյալների վրա չի տարածվում և գործի քննությունը շարունակվում է ընդհանուր կարգով։

Օսիպյանը, ով դատարանում հանդես էր գալիս իբրև տուժող, 2016-ին՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին, պատանդառվել էր զինյալ խմբի կողմից: Նա այն ժամանակ Երևանի փոխոստիկանապետն էր:

«Սասնա Ծռեր» զինված խմբի պաշտպաներից Արայիկ Պապիկյանը VNews.am-ի հետ զրույցում նշեց, որ Օսիպյանի  հայատարարությունը անջրպետ դրեց կողմերի միջև:

«Առարկելով համաներում կիրառելուն՝ նա արտոնեց, որ շուրջ 60 մարդ ազատազրկման ենթարկվի, բացի բուն ծռերից  այդ գործով այլ մեղադրյալներ էլ կան: Նշենք, որ Սասնա Ծռերը ունեն աջակիցներ, ընտրությանը շուրջ 23 հազար մարդ աջակցեց նրանց: Այդքան մարդ սկսեց քննադատությամբ հանդես գալ: Դա հասարակությանը հաշտության տանելու ճանապարհ չէր: Ոստիկանապետը խնդրին պետք է նայեր ոչ թե անձնական տիրույթից, այլ՝ պետական մտածելակերպով: Հասկանում և ցավ ենք ապրում զոհված ոստիկանների համար, բայց դա չի նշանակում, որ այդ բոլոր հարցերը պետք է անձնական տիրույթում լուծվեն»,-նշեց նա:

Պապիկյանը նկատեց, որ հասարակության մեջ արդեն թշնամանք առաջացավ: Հետհեղափոխական Հայաստանին դեմ կշտամաբանքին, պաշտպանի խոսքով, նպաստեց Օսիպյանը:

«Ցավում եմ, որ հնարավոր էր գործին գոնե մի մասով լուծում տալ, բայց հիմա դատավարությունը կշարունակվի: Այս 20 ամիսներին կավելանա 30-40 ամիս: Պետյությունն աննկարագրելի ծախսեր կկրի: Առաջաիկա 2-3 տարին մենք այդ դատավարության հետևից  պետք է գնանք՝ իրավաբաններ, փաստաբաններ, դատախազներ: Որևէ մեկը չի պատկերացնում թե այս առումով պետության բյուջեին ինչ վնաս հասցվեց:

Գնալու ենք պայքարի ճանապարհով: Սերժ Սարգսյանի օրոք գրված սցենարը շարունակվում է: Ենթադրվում է այդ մարդկանց տալ 10-20 տարվա ազատազրկում»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, «ականը» դրված է եղել հենց համաներման օրենքի մեջ:

«Անթույլատրելի է օրենքի կիրառումն ապահովել որևէ անձի կարծիքով: Դա օրենք չէ արդեն: Օրենքը պետք է բոլորի համար հստակ լինի: Այս դեպքում Օսիպյանի կամքով վետո դրվեց օրենքի կիրառման վրա: 

Այդ մասով Սահմանդրությանը համապատասխանելու հարց կա: Առերևույթ համոզմունք ունեմ, որ օրենքի և Սահմանադրության մեջ համապատասխանելիության խնդիր կա: Կարծում եմ նաև այս ճանապարհը կընտրենք»,-նշեց նա:

Փաստաբանը նկատեց նաև, որ ինչ-որ առումով նաև ուրախ է այս ընթացքի համար:

«Հոգուս խորքում նաև ուրախ եմ որ համաներումով չազատավեցին: Քաղաքական առևտրի ձև էր: Հեղափոխական մարդիկ «քաղաքական առևտրով» չեն ազատվում, այլ արդարացումով: Իհարկե, սա իմ անձնական կարծիքն է»,-ամփոփեց նա: