fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Սև հանրակացարանն ու վշտից սևացած սրտերը

Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի Սիրուսի 1-ին հանրակացարանի բնակիչները նախորդ տարվա հոկտեմբերից ապրում են սև պատերի մեջ` զրկված լինելով կենցաղային տարրական պայմաններից: Բանն այն է, որ 2018թ.-ի հոկտեմբերի 16-ին հոսանքի խնդրի պատճառով այրվել է հանրակացարանի 3-րդ հարկը, կրակը վնասել է նաև 2-րդ հարկը:

«Հիմա շատ անմխիթար վիճակում ենք ապրում՝ ո՛չ բաղնիք կա, ո՛չ՝ ապակիներ: Դիմել ենք քաղաքապետարան, բայց ոչ մի ստույգ պատասխան կամ աջակցություն չկա»,- VNews.am-ի  թղթակցի հետ զրույցում պատմեց բնակիչներից Նարինե Զախարյանը:

Տիկնոջ խոսքով տուժել է մոտ 20 ընտանիք, ուր ապրում են նաև երեխաներ: Քաղաքապետարանից նախորդ տարի օգնություն եղել է, սակայն դրանով իրենց հոգսը չի թեթևացել:

«Բերեցին դռներ ապահովեցին, իսկ իրենց ուղարկած ապակիների չափսերը չի համապատասխանում: Թեպետ նախապես չափել էին: Այդ է եղել, հետագայում ինչքան դիմել ենք, աջակցություն չի եղել: Մեզ նախորդ ամիս էլ ասացին, որ սպասենք, մեր խնդրի մասին տեղեկացրել են Կառավարությանը: Մենք չենք պատրաստվում լռել և սպասել, մենք դիմելու ենք բոլոր օղակներին, ցույցեր ենք անելու, թեժ գիծ ենք զանգելու»,- ասում էր հանրակացարանի բնակիչը:

Նարինե Զախարյանը նաև պատմեց, որ իրենք խնդրի մասին տեղեկացրել են մարզպետարանին: Նախօրեին մարզպետարանից աշխատակիցներ են եղել հանրակացարանում: Նաև նշեց, որ մարզպետարանից խոստացել են գումարային օգնություն ցուցաբերել ընտանիքներին՝ այնքանով, որքանով լիազորված են և կարող են: Բնակչի խոսքով մարզպետարանի հարցով լիահույս են և կսպասեն: