Շինարարները նշեցին իրենց մասնագիտական օրը - VNews

Շինարարները նշեցին իրենց մասնագիտական օրը

Հայաստանի Հանրապետության շինարարները հանդիսավոր պայմաններում նշեցին մասնագիտական օրը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ`օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հայ շինարարը մշտապես եղել է հասարակության ստեղծարար ուժերի առաջատար դիրքերում, իսկ շինարարները մարդիկ են, որոնք մեր երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկի՝ շինարարության ոլորտի անձնուրաց նվիրյալներն են: Հայ ճարտարապետների և շինարարների հեղինակած հրաշալի գլուխգործոցներն ուղենիշ են նոր սերնդի մասնագետների համար, որոնք ոչ միայն պետք է շարունակեն բարի ավանդույթները, այլև, տիրապետելով ժամանակակից տեխնոլոգիաներին և կառավարման համակարգերին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հարմարավետ կենսապայմաններ ստեղծեն»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետն ընդգծեց, որ Հայաստանում պետք է ստեղծվի կայուն և մրցունակ շինարարական ոլորտ, ըստ այդմ՝ պետք է օր առաջ սկսել մտածել ոլորտի տեխնոլոգիական հագեցման մասին:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը մեզ հետ զրույցում պատմեց շինարարների մասին լեգենդը՝ նշելով, որ հայ շինարարի դերն անգնահատելի է հայոց պատմության մեջ:

«Հին լեգենդ է, ասում են` Աստված ստեղծեց աշխարհը, հետո իր թույլ տված բոլոր թերությունները սկսեցին շտկել ճարտարապետներն ու շինարարները, որպեսզի մարդու ապրելու համար ավելի հարմարավետ մթնոլորտ ստեղծեն: Հայ շինարարի դերը շատ անգնահատելի է, և մեր ամբողջ քարակերտ պատմությունը շինարարության պատմություն է` սկսած նախնադարյան ժամանակաշրջանից մինչև այսօր»,- նշեց Վերմիշյանը:

Շինարարների միության նախագահ Տիգրան Գալստյանի խոսքով` շինարարի օրը ևս մեկ առիթ է համախմբվելու և ոլորտի հետագա զարգացման հարցերը քննարկելու համար:

«Շինարարը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև առաքելություն: Այսօր բոլորիս մեկ հարկի տակ համախմբել է հայ շինարարի նկատմամբ մեր ժողովրդի հարգանքը: Շնորհիվ հայ շինարարի, կառուցում ենք բնակելի, հասարակական, արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական, պաշտպանական և սոցիալական նշանակության բազմաթիվ կառույցներ` ավելի բարեկարգ դարձնելով մեր երկիրը»,- նշեց Գալստյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի