fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Սիգի վաճառքի հայտնաբերման նպատակով շրջայցեր է կատարվել

Սույն թվականի դեկտեմբերի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շուկաներում, մարդաշատ վայրերում համատեղ շրջայց են իրականացրել «սիգ» տեսակի ձկան վաճառքի հայտնաբերման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, շրջայցի ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր թվով 252 հատ «սիգ» տեսակի ձուկ, որը սահմանված կարգով առգրավվել և համապատասխան բժշկական զննության ենթարկելուց հետո հանձնվել է «Երևանի Նիկողոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուժեղացված ռեժիմով շրջայցեր է իրականացնում նաև Երևանի այլ վարչական շրջաններում, ինչպես նաև մարզերում, սակայն հարկ ենք համարում տեղեկացնել, որ ձկան վաճառքը հետևանք է իրականացված որսի, ուստի որքան էլ Տեսչական մարմինը պայքարի հետևանքի դեմ, դա խնդրի բավարար լուծում չի կարող հանդիսանալ, հատկապես, որ այս դեպքում Տեսչական մարմինն առնչվում է սոցիալական մինիմալ խնդիրներ լուծող վերավաճառողների հետ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատրաստակամ է աջակցել հսկողություն իրականացնող պատասխանատու մարմիններին Սևանա լճում որսի կանխարգելման աշխատանքներ իրականացնելու գործում։ Ինչի առթիվ Տեսչական մարմինը, Ոստիկանությունը, Բնապահպանության նախարարությունը և  Գեղարքունիքի մարզպետարանը համաձայն համատեղ գործողությունների ծրագրի  դեկտեմբերի 20-ից մինչը հունվարի 20-ն ընկած ժամանականհատվածում կիրականացնեն ուժեղացված ռեժիմով հսկողություն Սևանա լճում ապօրինի որսը կանխարգելելու համար»,- ասված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։